Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական ֆիլմը արժանացավ երկու մրցանակի: Ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489» փառատոնի միջազգային մրցույթի «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել: Բացի այդ ֆիլմը արժանացել է FIPRESCI մրցանակի:
Ֆիլմը պատմում է ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի 21-ամյա եղբոր անհետացման մասին, որն անհետ կորել էր 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողությունների առաջին օրերին:
Գլխավոր մրցանակը ունի նաև 15 000 եվրո դրամական պարգև: Միջազգային մրցույթի ժյուրիի անդամներն էին Էմիլի Բուջեսը, Ֆրանչեսկո Ջիա Վիան, Թաբիթա Ջեքսոնը, Ադա Սոլոմոնը և Սյաոշուայ Վանը: FIPRESCI-ի ժյուրիի անդամներն էին Սենեմ Այթաչը, Իրինա Կոդրեա-Տրոկալը, Կարոլին Վայդները:
Ժյուրին «1489» անվանեց. «Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում վշտի հսկայական թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք. թույլ տալ մեզ բոլորիս նայել այն, ինչ մենք նախընտրում եմ չտեսնել: Եվ, ի վերջո, կինոյի անմոռանալի օրինակ՝ որպես սիրո ակտ»:
«Միջազգային փաստավավերագրական փառատոն Ամստերդամ»-ը աշխարհի խոշորագույն փառատոններից մեկն է, որն անցկացվում է ամեն տարի 1988 թվականից ի վեր: IDFA փառատոնի նպատակն է խթանել ստեղծագործական վավերագրական ֆիլմերը և ներկայացնել դրանք լայն լսարանին: