Չինաստանում կորոնավիրուսի պանդեմիայի անկման ալիքի վրա, նախնական գնահատականներով, մոտ 600-700 կինոթատրոն է վերադարձել աշխատանքի, սակայն առայժմ դրանք միեւնույն է դատարկ են: Կինոդիտումը վերականգնելու համար երկրում պլանավորում են վերականգնել նախորդ տարիների դրամարկղային հիթերի վարձույթը, հաղորդում է THR-ը:
Դրամարկղային մուտքերը դեռ շատ համեստ են: Ուրբաթ աշխատող կինոթատրոնների գումարային հասույթը չի հասել նույնիսկ մինչեւ 2 հազար դոլարի: Շաբաթ օրը Maoyan տոմսերի առցանց վաճառքի խոշորագույն պորտալի տվյալներն արդեն 4355 դոլար են տվել:
Առավել հաճախելիությունը նկատվում է Սինցզյան-Ույղուրական շրջանում: Հենց այնտեղ երկու շաբաթ առաջ աշխատեց առաջին կինոթատրոնը, որն առաջին օրը չվաճառեց ոչ մի տոմս: Կինոթատրոնների խաղացանկում նույն ֆիլմերն են, ինչ էկրաններին էին հունվարի վերջին դրանց ամբողջական փակման պահին:
Չինաստանում պլանավորում են «Վրիժառուների» ֆրանշիզայի բոլոր չորս ֆիլմերի, ինչպես նաեւ Ջեյմս Քեմերոնի «Ավատար», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» եւ «Ինտերստելար» ֆիլմերի կրկնակի վարձույթը: Բլոքբասթերները դեռեւս չունեն կրկնակի թողարկման պաշտոնական ժամկետներ, սակայն ենթադրվում է, որ կինոթատրոնները կկարողանան ցուցադրություններ սկսել մոտ ժամանակներս այն բանից հետո, երբ նրանց տրամադրության տակ կհայտնվեն DCP-ի համապատասխան ֆայլերը:
Վարձույթի չեմպիոնների կրկնակի թողարկումը միանգամայն կարող է խոստանալ չինական կինոթատրոններին հսկայական դրամարկղային մուտքեր, առավել եւս, որ ընտրված հոլիվուդյան ֆիլմերը տեղական կինովարձույթի ողջ պատմության ընթացքում ամենահասութաբեր ֆիլմերից են: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա հերթը կհասնի չինական պոտենցիալ հիթերին: Ապրիլի 30-ին կրկին վարձույթում կհայտնվի նաև Ջ.Ք. Ռոուլինգի հայտնի ֆրանշիզայի էկրանավորման առաջին մասը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Կինոցուցադրությունների վերականգնման ուղղությամբ Չինաստանի իշխանությունների գործողությունները պատկերացում են տալիս այն մասին, թե ինչ է սպասվում մյուս երկրներին, երբ դրանք նույնպես անցնեն համաճարակի գագաթնակետը: Չինացի ցուցադրողներն այժմ լուծում են երկու փոխկապակցված խնդիրներ. համոզել հանդիսատեսին, որ անվտանգ է այցելել կինոթատրոններ մեծ քանակությամբ, եւ համոզել դիստրիբյուտորներին, որ հանդիսատեսը, իրոք, վերադարձել է, եւ, հետեւաբար, իմաստ է լիարժեք մարքեթինգային հզորությունը գործադրել, քանի որ առանց երկրորդի դժվար է հասնել առաջինին:
Ներկա պահին բացված կինոթատրոնների թվում, որպես կանոն, ոչ մեծ անկախ ցանցերի ներկայացուցիչներ են, որոնք գտնվում են երկրի հեռավոր շրջաններում, որտեղ պանդեմիայի գագաթնակետը փետրվարին այնքան էլ ուժեղ չէր զգացվում: Այս պահին առայժմ ոչ մի համազգային ցանց չի վերսկսել աշխատանքը, բայց օրեցօր շարունակում է բացվել ավելի ու ավելի շատ հրապարակներ: