Սեպտեմբերի 25-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել էր «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ տեղ են գտել երեք ոլորտային կառույց: Քվեարկությունը ավարտվել է հոկտեմբերի 10-ին 3 դեմ ձայնով:
Նշված փաստաթղթում կրկին տեղ է գտել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն (ցանկ №3), որի առաջարկության բովանդակությունը մնում է անփոփոխ՝ մասնավորեցնել կամ լուծարել:
Համաձայն փաստաթղթի «պետական գույքի առանձին օբյեկտների օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է՝ հստակեցնել պետական գույքի կազմն ու կառուցվածքը և միաժամանակ, օպտիմալացնել այդ քանակը՝ հիմք ընդունելով պետության կողմից հստակ սահմանված գործառույթների իրականացման անհրաժեշտությունը, ինչի հետ կապված իրականացնել հետևյալ միջոցառումները`
3) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը հանձնել չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական անշարժ գույքը` համաձայն N 3 ցանկի,
ա. պետական մարմինների և մարզպետարանների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (որոնք ունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեի տնօրինությանը հանձնել համաձայն Կառավարության 2006 թվականի հունիսի 26-ի N 346-Ն որոշման հավելված 1-ի,
բ. պետական մարմինների և մարզպետարանների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (որոնք չունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեի տնօրինությանը հանձնել գրանցման աշխատանքները կատարելուց հետո, իսկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքները իրականացնել և ավարտին հասցնել համաձայն Կառավարության 2006 թվականի հունիսի 26-ի N 346-Ն որոշման հավելված N 2-ի։»
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով «Հայֆիլմ» կինոստուդիան ընդգրկվեց «Ակադեմիական քաղաք» կրթական նախագծի մեջ և այնուհետև 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազության կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե՝ «Հայֆիլմի» հափշտակության վերաբերյալ:
Բացի «Հայֆիլմ» կինոստուդիայից ցանկում շարունակում են հիշատակվել Հրազդան քաղաքի երկու կինոթատրոնները՝ «Հրազդան» և «Բարեկամություն»: «Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից ստանձնած պարտավորությունները» բաժնում նշվում է «պրոֆիլի պահպանում»:
«Հրազդան» և «Բարեկամություն» կինոթատրոնները մասնավորեցվել են 2004 թվականի հոկտեմբերի 14-ի 1491-Ն Անդրանիկ Մարգարյանի Կառավարության որոշումով: Համաձայն այդ որոշման սեփականատերը պարտավորվում էր պահպանել պրոֆիլը առնվազն 20 տարով (լրանում է 2024 թվականին) ու ներդնել գումար:
Պետական գույքի կառավարման ցուցակները հաստատելիս պահպանվում էր «պրոֆիլի պահպանում» հասկացությունը, սակայն 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը» հաստատելու հարցը քննարկելիս հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մասնավորեցված օբյեկտների հետ կապված դժգոհեց. «Օբյեկտներ կան, որ օտարում ենք, պայման ենք դնում, որ պետք է պրոֆիլը պահպանվի, բայց այն, ըստ էության, չի պահպանվում. «Օրինակ, Հրազդանի կ/թ-ը օտարել ենք, պայման ենք դրել պրոֆիլը պահպանել, հաշվետվության մեջ գրված է՝ պրոֆիլը պահպանված է: Սա նշանակում է, որ գնորդը չի՞ դիմել պրոֆիլը փոխելու, թե՞ նա իրականում էլ գործում էիր պրոֆիլով: Կինո «Հայրենիքի» սեփականաշնորհման ժամանակ գրել են՝ պրոֆիլի պահպանում: Գիտե՞ք ոնց են պրոֆիլը պահպանում, մի անկյունում դրել են մի հատ փլեյեր ու էկրան, հնդկական ֆիլմեր են ցուցադրում, ամբողջ մնացած տարածքը օգտագործվում է առեւտրի համար, մարդը ասում է՝ պրոֆիլը պահպանված է…Գոնե գործունեության ծավալի 50-60 տոկոսը պետք է պահպանի»:
Իսկ 2019 թվականի հունիսի 16-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում: Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ 800 քմ), ներքին երեսպատումը (մոտ 600 քմ) և բեմահարթակը (մոտ 40 քմ):
Եթե «Բարեկամություն» կինոթատրոնը իր մասնագիտական ուղղվածության գործունեությունը չէր ծավալում արդեն 20 տարի, իսկ 2019 վնասվել էր հրդեհից, ապա ինչպե՞ս է այն շարունակում պահպանել պրոֆիլը: Ի՞նչ է հասկացվում «պրոֆիլի պահպանում» բառակապակցության տակ: