2024 թվականին Ռուսաստանում անօրինական կինովարձույթի վերաբերյալ ավելի քան 100 վարչական գործ է հարուցվել, այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:
«Մշտապես վերահսկում ենք մեր տեղական կինովարձույթը, այս տարի այս հարցով ավելի քան 100 գործ է հարուցվել: Դա գործող օրենսդրության ուղղակի խախտում է», – ասել է նա:
Լյուբիմովան նաև նշել է, որ չի հաջողվել ամբողջությամբ հաղթահարել ստվերային կինովարձույթի (երբ կինոթատրոնները ցուցադրում են հոլիվուդյան բլոկբաստերներ) խնդիրը: ՌԴ նախարարը հավելել է, որ կինոթատրոններում և համացանցում տեսահենության խնդիրը գոյություն ունի ոչ թե վերջին երկու տարիներին, այլ սկզբունքորեն հեղինակային իրավունքի գոյության պահից: Այս խնդիրը արդիական է շատ երկրների համար, հատկապես, որտեղ զարգացած է կինովարձույթի համակարգը:
«Հասկանալի է, որ այս իրավիճակը Ռուսաստանում նման չէր այն պահին, երբ [երկրում] ներկա էին պաշտոնական դիստրիբյուտորները: Սա որոշակի մարտահրավեր էր ամբողջ արդյունաբերության համար այն պահին, երբ ամերիկյան խոշոր ստուդիաները լքեցին Ռուսաստանի Դաշնությունը, և անմիջապես հայտնվեցին նրանք, ովքեր ցանկանում էին օգտվել այս իրավիճակից և փորձել գումար աշխատել դրա վրա: Ոչ մի դեպքում. դա անթույլատրելի է», – ընդգծել է նա:
Կինոթատրոններում ֆիլմերի անօրինական վարձույթի դեմ պայքարի համար Ռուսաստանի գործող օրենսդրությունը խստացնելու անհրաժեշտություն չկա, բայց պետք է ավելի ուշադիր վերահսկել կինովարձույթը, կարծում է ՌԴ մշակույթի նախարարը:
«Այն առանձին հայտարարությունները, որոնք հայտնվել են դեռեւս մեկուկես տարի առաջ, որ մենք օրինականացնում ենք անօրինական բովանդակությունը, քանի որ ամերիկյան պրոդյուսերները հեռացել են [Ռուսաստանից], եւ մենք չենք վերահսկի ներքին կինովարձույթը՝ դա իրականությանը չի համապատասխանում: Մենք պայքարելու ենք անօրինականության դեմ, այն սպանում է ներքին կինոցուցադրումը և առհասարակ ռուսական վարձույթի տնտեսությունը։ Ես կարծում եմ, որ օրենսդրության մեջ ինչ-որ բան փոխելու կարիք չկա: Պարզապես պետք է բոլոր մակարդակներում ավելի ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում ներքին կինովարձույթում», – ասել է նախարարը:
Նախարարը հիշեցրել է, որ ապրիլին մի քանի խոշորագույն դիստրիբյուտորներ վերջնագիր են ներկայացրել այն մասին, որ օրինական ֆիլմերի ցուցադրման բանալիներ չեն տրամադրի այն կինոթատրոններին, որոնց ֆիլմացանկում անօրինական բովանդակություն կա: Լյուբիմովան դա անվանել է գործուն միջոց, որը խոսում է ռուսական կինոբիզնեսի հասունացման մասին:
Նշենք նաև, որ ռուսական կինոթատրոնները պայքարում են ոչ միայն իրենց երկրի մշակույթի նախարարության, այլև պետությունից դուրս ամերիկյան արտադրողների պաշտպանության ակտիվ կողմնակիցների դեմ:
2022 թվականին խոշոր ընկերությունները՝ The Walt Disney Company-ն, Sony Pictures-ը և Warner Bros. որոշում են կայացվել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ: Ռուսաստանում առանց վարձութային վկայականի ֆիլմը վարձույթ հանձնելու կամ ցուցադրելու համար տուգանքը կազմում է 50 հազարից մինչև 100 հազար ռուբլի, կրկնակի խախտման դեպքում՝ 100 հազարից մինչև 200 հազար ռուբլի: