Վերջերս Warner Bros. ստուդիա անորոշ ժամանակով հետաձգեց Նոլանի «Փաստարկը», խոստանալով նոր ամսաթիվը հայտնել մոտ ժամանակներս: Քրիստոֆեր Նոլանի ֆիլմի պրեմիերայի տեղափոխումից երեք օր անց, թերեւս, ավելի տհաճ լուր կինոթատրոնների համար հայտնեցին Disney և Paramount Pictures ընկերությունները: «Մուլան» մուլտֆիլմի խաղային ռեմեյքը նույնպես այս ամռանը էկրան չի բարձրանա: Նոր ամսաթիվը նույնպես հայտնի չէ:
Disney-ը հատուկ նշել է մամուլի տեղեկագրում, որ ներկայիս իրավիճակն այնքան անկանխատեսելի է, որ մոտակա ապագայի համար որեւէ պլաններ կառուցելն անհնար է: Եվս մեկ անգամ 2-3 շաբաթով հետաձգել մեկնարկը եւ կինոթատրոններին կեղծ հույս տալը պարզապես իմաստ չուներ:
Միաժամանակ հայտարարվել են բազմաթիվ այլ ֆիլմերի պրեմիերաների նոր ամսաթվերը: Այսպես, «Ավատարի» սիքվելների էկրան դուրս գալը հետաձգվում է մեկ տարով: Չորս բլոկբաստերները նորամուտը կնշեն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, 2026 թվականի դեկտեմբերի 18-ին եւ 2028 թվականի դեկտեմբերի 22-ին: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ֆրանշիզայի Ինստագրամի պաշտոնական էջում հայտարարել է իր ծայրահեղ հիասթափության մասին: Կորոնավիրուսը խախտել է աշխատանքային գրաֆիկը: Չորս սիքվելներից առաջինը պարզապես պատրաստ չի լինի հաջորդ տարվա դեկտեմբերին:
Նման ճակատագիր է ունեցել «Աստղային պատերազմների» պլանավորված նոր եռերգությունը: Նրա ֆիլմերը նույնպես տեղափոխվել են մեկ տարով. նոր ամսաթվերն են դարձել 2023 թվականի դեկտեմբերի 22-ը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ը եւ 2027 թվականի դեկտեմբերի 17-ը: Ժամանակին պատրաստ չի լինի նաեւ «Վերջին մենամարտ» միջնադարյան դրաման: 2020թ. դեկտեմբերի 25-ի փոխարեն Ռիդլի Սքոթի ֆիլմը կթողարկվի 2021թ. հոկտեմբերի 15-ին: Ագաթա Քրիստիի «Մահը Նիլի վրա» վեպի էկրանավորումը հոկտեմբերի 9-ից տեղափոխվել է հոկտեմբերի 23-ին: Իսկ «Դատարկ մարդը» թրիլերը օգոստոսի 7-ի փոխարեն հնարավոր կլինի տեսնել դեկտեմբերի 4-ին:
2021 թվականի փետրվարի 19-ին է տեղափոխվել «Եղջյուրներ» ֆանտաստիկ հորրորը: Իսկ ահա Ուես Անդերսոնի «Ֆրանսիական դիսպետչերը» ֆիլմը որոշ ժամանակ կմնա առանց պրեմիերայի ամսաթվի: Ավելի վաղ ամերիկյան կինովարձույթում ֆիլմը պետք է մեկնարկեր հոկտեմբերի 15-ին:
Ինչ վերաբերում է բազմաչարչար «Նոր մուտանտներին», ապա կինոկոմիքսն առայժմ մնում է օգոստոսի 28-ին: Այնտեղ է նաեւ «Դեյվիդ Կոպերֆիլդի պատմությունը» դրաման: Ռեժիսոր Արմանդո Իանուչիի ֆիլմը կթողարկվի սահմանափակ վարձույթում:
«Մուլան» բլոկբաստերի պրեմիերայի օրվա կորստից բառացիորեն մի քանի ժամ անց 2020-ը մնաց առանց երկու հավակնոտ ռելիզների: Paramount Pictures ստուդիան հետաձգել է «Լուռ վայր 2» եւ «Թոփ Գան. Մեյվերիկ» սիքվելների էկրան դուրս գալը:
Ջոն Կրասինսկու սենսացիոն հիթի շարունակությունը սեպտեմբերի 4-ի փոխարեն վարձույթում նորամուտը կնշի 2021 թվականի ապրիլի 23-ին: Հիշեցնենք, որ «Լուռ վայր» ֆիլմի առաջին մասը էկրան է բարձրացել հենց 2018 թվականի ապրիլին: Սիքվելի պրեմիերան նախապես պլանավորված էր մարտին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Որոշ երկրներում նույնիսկ հասցրել են կայանալ առաջին սեանսները:
«Թոփ Գան. Մեյվերիկ» կինոնկարը 2020թ. դեկտեմբերի 23-ից տեղափոխվել է 2021թ. հուլիսի 2-ը: Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի համար սա պրեմիերայի արդեն չորրորդ օրն է: Ավելի վաղ մեկնարկը հայտարարվել էր 2019 թվականի հուլիսի 12-ին եւ 2020 թվականի հուլիսի 26-ին: Նշենք, որ 2021 թվականի հուլիսի 2-ին հետաձգվել էր նաեւ Illumination Entertainment ստուդիայի «Մինիոններ 2» մուլտֆիլմի պրեմիերան:
Paramount Pictures-ի թողարկման ամսաթվերի այլ փոփոխությունները այնքան էլ արմատական չեն: «Jackass» ֆրանշիզայի նոր եւ ենթադրաբար եզրափակիչ ֆիլմը 2021 թվականի հուլիսի 2-ի փոխարեն կթողարկվի սեպտեմբերի 3-ին: «Սոնիկ 2» ֆիլմը հնարավոր կլինի տեսնել 2022 թվականի ապրիլի 3-ին: «Under the Boardwalk» և «The Tiger’s Apprentice» մուլտֆիլմերի պրեմիերաները հայտարարված են 2022 թվականի հուլիսի 22-ին և 2023 թվականի փետրվարի 10-ին:
«Ավատարի» սիքվելների ուշացումով որոշել է օգտվել Sony Pictures ստուդիան: Առայժմ պաշտոնական անուն չունեցող Սարդ-մարդու մասին ֆիլմը 2021 թվականի նոյեմբերի 5-ի փոխարեն հնարավոր կլինի տեսնել դեկտեմբերի 17-ին:
Վերոնշյալ բոլոր ամսաթվերը եւ փոխանցումները վերաբերում են միայն ամերիկյան վարձույթին: Այս ռելիզների հայկական ամսաթվերի մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ: