2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։
Ինչպես տեղեկացնում է Ռոտերդամի կինոփառատոնի կայքը, «Նռան գույնը» ֆիլմի (1969) մասին հետազոտություններն իրականցնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու է կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձևաչափով:
Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը։ Բացի այդ, լեհական FIXAFILM ընկերությունը նույն ծրագրի շրջանակում վերականգնել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավանը կազմում է 103 տուփ։
«Նռան գույնի» թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մանիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ այս նախագծի համար գրած երաժշտության ներքո։ Իսկ հունվարի 25-ին և 29-ին կցուցադրվի «Հակոբ Հովնաթանյան» վերականգնված ֆիլմը։ Հունվարի 28-ը Ռոտերդամի փառատոնի շրջանակում կնվիրվի սովետական կինոժառանգությանը. նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի թեման հայկական դասական կինոն է լինելու։
2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառում է․
1․«Կինոյի Տաճար» շնորհանդեսը (Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիոն ֆորմատով ցուցադրություն)։
2․Ս.Փարաջանովի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», Ռուբեն Գևորգյանցի «Աշխարումս» և Մ. Սահակյանի «Փարոս» ֆիլմերի ցուցադրությունները։
3․«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաև հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի Ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսը, որտեղ ելույթներով հանդես կգան հայ և արտասահմանյան հայտնի կինոգործիչներ՝ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լևոն Աբրահամյանը (Հայաստան):
Նշենք, որ առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը 1988-ին է հրավիրվել՝ մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 31 տարի անց, դարձյալ հունվարին Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն իր հոգևոր գոյությամբ՝ կինոժառանգությամբ ու կինոարվեստով։