Ռուսաստանում կինոյի նկարահանման համար օտարերկրացիներին ծախսերի փոխհատուցման ծրագիրը կգործարկվի 2019 թվականի երրորդ եռամսյակում: Այս մասին արտաքին տնտեսական գործունեության հարցերով տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին: Տեղեկությունը հաստատել է կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Սելյանովը եւ մանրամասներ հայտնել:
Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար: Մինչեւ 2019-ի ավարտը ռիբեյտներին նախատեսվում է հատկացնել 70 մլն ռուբլի: 2020 թվականին այդ նպատակների համար բյուջեն կծախսի արդեն 700 մլն ռուբլի, իսկ 2021 եւ 2022 թվականներին գումարը կավելանա մինչեւ տարեկան 1,5 մլրդ ռուբլի: Արտասահմանյան ընկերություններին կփոխհատուցեն ծախսերի 30% մինչեւ 40%:
«Աշնանը դա կարող է աշխատել, ինձ բառացիորեն երեկ 70 էջանոց որոշման նախագիծ էր եկել, հիմա մենք վերջին ուղղումներն ենք կատարում», – պատմեց Սելյանովը:
Ծրագրի օպերատորը կլինի «Ռուսական արտահանման կենտրոնը», որը կստեղծի փորձագիտական խումբ, որում կընդգրկվեն Մշակույթի նախարարության եւ ոլորտի ներկայացուցիչները: Դոտացիան կարող են ստանալ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմերի, ինչպես նաեւ մուլտֆիլմերի եւ սերիալների ստեղծողները: Ենթադրվում է, որ սուբսիդիաները հնարավոր կլինի ստանալ տաղավարների, դեկորացիաների, նկարահանող եւ ձայնային սարքավորումների վարձակալության համար, հետարտադրություն իրականացնող ընկերությունների ծառայությունների վճարման համար, անձնակազմի (ՌԴ քաղաքացիների) աշխատանքի վճարման համար):