Հուլիսի կեսերին «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» նախագահ Հովհաննես Գալստյանը իր հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամին հասած ժառանգությունը։ Գալստյանի պնդմամբ՝ հիմնադրամն ստացել է «սոսկալի ժառանգություն»՝ չավարտված կինոնախագծեր, դատավարական և քրեական գործեր, ստվերային գործարքներ ու համակարգային հովանավորչություն։
Հատված հարցազրույցից.
ԿինոՊրես – Նախկին «համակարգ» այլևս գոյություն չունի՝ 2024 թ-ի մայիսի 2-ից ձևավորվեց նոր կառույց իր պաշտոնակատարով, 2024 թ-ի հուլիսի 15-ից նոր կառույցը պաշտոնապես գրացվել է Պետռեգիստրում, 2024 թ-ի հոկտեմբերի 28-ին հաստատվել է հիմնադրամի խորհուրդի կազմը, 2024 թ-ի դեկտեմբերի 5-ին ընտրվել է նոր տնօրեն, 2025 թ-ի պարիլի 18-ին ընդունվել է կառույցի վերանայված կանոնակարգը և հայտնի է, որ Կինոկենտրոնի աշխատակազմի մոտ 60-80 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել:
ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Մենք չենք կիսում Ձեր տեսանկյունը՝ «Նախկին համակարգ այլևս գոյություն չունի՝ 2024 թ-ի մայիսի 2-ից ձևավորվեց նոր կառույց իր պաշտոնակատարով», կամ «Կինոկենտրոնի աշխատակազմի մոտ 60-80 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել» պնդումների վերաբերյալ:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը իր իրավահաջորդ կառույցին, «Հայաստանի կինոյի հիմնադրամին» թողել է սոսկալի ժառանգություն՝ տասնյակ անավարտ կինոնախագծերի, ստանձնած պարտավորությունների, ապօրինաբար կասեցված կինոֆիլմերի, դատավարական գործընթացների, քրեական վարույթների և կառավարման վատ ավանդույթների տեսքով:
«Հայաստանի կինոյի հիմնադրամի» իրավանախորդ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը կրում է ուղիղ պատասխանատվություն արտոնյալ կինոգործիչների համակարգի գոյացման, «սեփական շահը» չտեսնելու հիմքով՝ անկախ արտադրողների միջազգային կինոնախագծերի ֆինանսավորման ապօրինի կասեցման, հովանավորչության, ստվերային գործարքների ու, որպես այս ամենի հետևանք՝ կինոոլորտում տոքսիկ միջավայրի ձևավորման համար: Իրավունքների ընդլայնումը վերոնշյալ տգեղ շղթայի հերթական օղակն է և չի նպաստելու հայկական կինոարդյունաբերության զարգացմանը:
ՖԱՀՖ-ը գտնում է, որ ներկայիս ճգնաժամի մեղավորներին համակարգից հեռացնելը բավարար չէ ոլորտի առողջացման համար: Անիրատեսական է ակնկալել, որ «Հայաստանի կինոյի հիմնադրամը» կհաջողի սկսելով սպիտակ թղթից, որովհետև այդ թուղթն արդեն մրոտված է: Մեզ համար վատ կառավարման արդյունքում թույլ տված կապիտ սխալների դատապարտումը և շտկումը կինոոլորտի առողջացման պարտադիր պայման է:
Այս և այլ հայտարարությունից հետո «ԿինոՊրես»-ը պաշտոնական հարցում ուղարկեց Հայաստանի կինոյի հիմնադրամ՝ խնդրելով հստակեցնել տվյալ մեղադրանքների փաստական հիմքերը։ Հիմնադրամը՝ տնօրեն Դավիթ Բանուչյանի ստորագրությամբ, արդեն արձագանքել է։
Դատական գործընթաց՝ միայն մեկ գործով
Պատասխանի համաձայն՝ ներկայում հիմնադրամի և Հովհաննես Գալստյանի հիմնադրած «Պարալելս ֆիլմպրոդաքշն» ընկերության միջև կա ընդամենը մեկ դատական գործընթաց՝ թիվ ԵԴ/25327/02/18 գործով։ Այլ վարույթներ՝ ժառանգված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից, հիմնադրամը չունի։ Հղում է տրվում նաև բաց հասանելիությամբ «datalex.am» հարթակին։
Այսպիսով, հիմնադրամը պնդում է, որ Գալստյանի հրապարակային գնահատականները կրում են «խիստ սուբյեկտիվ բնույթ», և նպատակահարմար չի համարում մեկնաբանել դրանք՝ հատկապես ընթացող դատական գործընթացի պայմաններում։
Չավարտված նախագծեր՝ նույնպես կապված նույն ընկերության հետ
Հիմնադրամը հայտնում է նաև, որ չավարտված կամ կասեցված կինոնախագծերը թվով երկուսն են, և երկուսն էլ վերաբերում են նույն՝ «Պարալելս ֆիլմպրոդաքշն» ընկերությանը։
Այս հատվածը բաց է թողնում ընդհանուր համատեքստը՝ արդյո՞ք եղել են այլ կասեցված նախագծեր՝ մինչ հիմնադրամի ստեղծումը, ինչպես Գալստյանը պնդում էր իր հարցազրույցում։
Անպատասխան հարցեր
Չնայած հարցման մեջ առկա էին մի շարք կետեր՝ կապված «արտոնյալ կինոգործիչների համակարգի», «ստվերային գործարքների» և «կառավարման վատ ավանդույթների» հետ՝ հիմնադրամը որոշել է դրանք չմեկնաբանել, քանի որ դրանք վերաբերում են «սուբյեկտիվ գնահատականների» և «ընթացող դատական գործի» շրջանակին։
Այս պատասխանով հիմնադրամը կարծես հրաժարվում է հանրային բաց քննարկումից՝ փաստարկված պատասխան տալով ոլորտում տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրների վերաբերյալ։
Նշում. Հովհաննես Գալստյանի պնդումները հիմնվում էին տարիներ շարունակ պետական ֆինանսավորման անհամաչափության, մրցույթի անհավասար հնարավորությունների և ապակառուցողական մթնոլորտի վրա, որի մասին նա պարբերաբար բարձրաձայնել է։






























