ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված ֆիլմարտադրողների աշխատանքային խումբը նախարարի հետ հանդիպումների արդյունքում՝ քննարկել է Հայաստանի կինոյի հիմնադրամի 2025 թվականի ֆիլմարտադրության պետական ֆինանսավորման մրցույթի պայմանագրերի շուրջ բարձրացված հարցերը։
Քննարկումների արդյունքում պայմանագրերում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Ինչպես նշել են կինոարտադրողներն իրենց հրապարակած հաղորդագրությունում․ ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի անմիջական միջամտությամբ 2025 թ․ մրցույթում հաղթած նախագծերի պայմանագրերը վերանայվեցին, և ֆինանսավորման արժանացած կինոարտադրողներն արդեն ստորագրում են օրենքին և ոլորտի շահերին համապատասխան պայմանագրեր։
«Սա կարևոր արդյունք է, որ գրանցվեց մեր համատեղ աշխատանքի, բաց երկխոսության, ինչպես նաև կինո համայնքի միասնականության շնորհիվ»
Աշխատանքային խումբը քննարկումների ընթացքում հետ էր ուղարկել մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերում էին պայմանագրերի որոշ ձևակերպումներին, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունների կարգավորմանը, գործընթացների հստակեցմանը և համագործակցության մի շարք կետերի բարելավմանը։
Կինոարտադրողները իրենց հայտարարությունում շնորհակալություն են հայտնում նախարարին և գործընկերներին համագործակցության համար՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում են նաև հետագա քայլեր՝ ուղղված ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակմանը։































