Հուլիսի 15-ին Մոսկվայում ՏԱՍՍ տեղեկատվական կենտորնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի զարգացման երկարաժամկետ ռազմավարությանը: Սբերբանկը և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան համատեղ ձեռնարկություն են ստեղծել՝ Սոյուզմուլֆիլմ ՍՊԸ, մամուլի ասուլիսում հայտնել է Սբերբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Լև Հասիսը: Բանկը ստացել է դրա 80% և առաջին փուլում մտադիր է ներդնել 1 մլրդ ռուբլի:
Միջոցառմանը հնչեցվել է համատեղ ձեռնարկության երկարաժամկետ ռազմավարությունը: Հիմնական նպատակներից է տասը տարում զբաղեցնել ռուսական անիմացիայի շուկայի 20%-ը և ստեղծել տարեկան շուրջ 5000 րոպե բովանդակություն, առնվազն 17 նոր սերիալ և առնվազն 12 լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր, ընդլայնել լիցենզային վաճառքները, ստեղծել տեխնոլոգիաներ տարբեր ձևաչափերի անիմացիայի համար: Առաջնահերթություններում են նաև այլ երկրների շուկաներ դուրս գալը, Եվրոպայում եւ Ասիայում դիստրիբյուտորների հետ գործընկերությունը, արտահանման ավելացումը, աութսորսինգային ռեսուրսների օգտագործումը եւ այլն:
«Ստեղծագործական գործընթացներին Սբերբանկը չի պատրաստվում միջամտել, քանի որ մենք համոզված ենք, որ ստեղծագործական ազատությունը կարևոր է: Մեզ համար, որպես առևտրային կազմակերպության, կարևոր է մեր ներդրումների վերադարձը: Այդ պատճառով մենք, իհարկե, մտածում ենք տնտեսական բաղադրիչի մասին, և անիմացիայի մեջ միջոցների ներդրումը, որը վաղուց կիրառվում է ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական շուկաներում, շահավետ լուծում ենք համարում», – ասել է Հասիսը:
Ինչպես նշել է կինոստուդիայի վարչության նախագահ Յուլիանա Սլաշչևան, արտադրության ավելացումն անհրաժեշտ է արտոնագրատերերի առաջարկը դիվերսիֆիկացնելու համար՝ Ռուսաստանում փոխարինել ինչպես թույլ արտասահմանյան բրենդներին, այնպես էլ զբաղեցնել ուժեղ օտարերկրյա բրենդների բաժինը:
«Այսօրվա դրությամբ արտադրության մեջ միաժամանակ գտնվում է տասը սերիալային նախագիծ, երեք լիամետրաժ, որոնցից մեկը զարգացման փուլում է, և ևս տասնվեց նախագծեր մշակման փուլում են», – նշել է Սլաշչևան:
Այն մասին, որ Սբերբանկը հնարավոր է զբաղվի անիմացիայի արտադրությամբ և կհամագործակցի Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի հետ, հայտնի է դարձել դեռևս անցյալ տարվա օգոստոսին: