Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին: Մասնավոր ուղղաթիռը, որով նա թռչում էր 13-ամյա դստեր՝ Ջաննայի հետ, կործանվել է Լոս Անջելեսից ոչ հեռու: Բրայանտների հետ օդանավում եղել է եւս յոթ մարդ: Բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ խիտ մառախուղը: 41-ամյա Բրայանտը ամենահայտնի պրոֆեսիոնալ բասկետբոլիստներից մեկն էր: Նա խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Մարզիկը երկու անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի կազմում (2007 եւ 2012 թվականներին):
2018 թվականին Բրայանտը Օսկար է ստացել «Թանկագին բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար: Այս ֆիլմը բասկետբոլիստի համանուն բանաստեղծության էկրանավորումն է, որում նա հրաժեշտ է տվել սպորտին (Կոբին իր կարիերան ավարտել է 2016 թվականին): Նա նաեւ գրել է սցենարը, հնչեցրել գլխավոր հերոսին եւ հանդես եկել որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր: Բացի Օսկարից, ֆիլմն արժանացել է Annie Award մրցանակի, գլխավոր մուլտիպլիկացիոն մրցանակին: «Անիմացիան կարող է մարդկային հույզերն ավելի համոզիչ եւ ավելի հետաքրքիր տեսողական ձեւով ցույց տալ, քան խաղարկային նկարները», – բասկետբոլիստն իր հետաքրքրությունը բացատրում էր անիմացիոն ֆիլմերի նկատմամբ:
Բրայանտի համար սգում է ոչ միայն մարզական համայնքը, այլեւ երաժշտական եւ կինոարդյունաբերական: Բրայանտի մասին իրենց հիշողությունները կիսեցին շատ ռեժիսորներ ու դերասաններ՝ Էդգար Ռայթը, Ջեֆրի Ռայթը, Շերը, Բոբ Այգերը, Սեֆդի եղբայրները, Թրեւոր Նոան, Էլեն Դեջեներիսը, Քիմ Քարդաշյանը, Բեն Սթիլերը, Բեն Աֆլեքը, Սամուել Լ. Ջեքսոնը, Ռիզ Ուիզերսփունը եւ ուրիշներ: Մարզիկի մասին խոսքերով սկսվել է «Գրեմմի» 62-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել «Լոս Անջելես Լեյքերս» մարզադաշտում: Երգչուհի Ալիշիա Քիսը կատարել է “It’s So Hard to Say Goodbye” երգը ի հիշատակ Բրայանտի: