Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի և «Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրական ֆիլմը «Էմմի» (Daytime Emmy Award) մրցանակ է ստացել «Հատուկ հեռուստահաղորդման ականավոր ռեժիսուրա» անվանակարգում: Այսպիսով, Սերգեյ Սարկիսովը դարձավ առաջին ռուս պրոդյուսեր, ով դարձավ այդ հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Ֆիլմը նույնպես ներկայացված էր «Ականավոր հատուկ կարգի ծրագիր» անվանակարգում:
Ֆիլմը ստեղծվել է Associated Television International ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է, ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին։
Ավելի վաղ Սարկիսովը, ՄկՔենզին, Ուիլյամսը և Քեյնը միասին աշխատել են «Ժխտման ճարտարապետները» փաստագրական նախագծի վրա, որը նվիրված է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտման հիմնախնդրին:
«Աշխատելով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի վրա ես գիտեի, որ նրա և Հոլոքոստի միջև խորը կապ կա, և ինձ համար սարսափելի է տեսնել այդ վախեցնող նմանություններն ու միտումները, որոնք կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների: Հուսով եմ, որ այս անվանակարգի և մեր ֆիլմի նկատմամբ ուշադրության շնորհիվ ավելի շատ երիտասարդներ կկարողանան իմանալ այս խնդրի մասին և գիտակցել դրա ծավալն ու նշանակությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակադեմիային՝ մեր աշխատանքի կարևորությունը ճանաչելու համար», – նշել է Սերգեյ Սարկիսովը:
«Ատելությունը մեզանում» ժապավենի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 29-ին Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ժամանակակից հասարակությունում հակասեմիտիզմի նոր ալիքի մասին: Նկարը ցույց է տալիս մեր օրերում հակասեմիտիզմի ագրեսիվ դրսեւորման առջեւ կանգնած մարդկանց պատմությունները, ում ճակատագրերը համընկնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլոքոստը վերապրած մարդկանց պատմություններին: Ֆիլմի սյուժեն անդրադառնում է վերջին տարիներին հակասեմիտիզմի պատճառով կատարված ամենաազդեցիկ հանցագործություններին:
«ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր «Ժխտում» հեռուստաֆիլմի թողարկումից հետո խոսում է այն մասին, որ վավերագրական նախագծերը նախկինի պես չափազանց կարեւոր են: Ես իսկապես հավատում եմ, որ «Ատելությունը մեզանում» ֆիլմը կնպաստի մարդկանց այն ըմբռնմանը, որ ազգային, ռասայական կամ կրոնական ատելությունը դեռեւս գոյություն ունի մեր հասարակության մեջ եւ դեռեւս մեծ վտանգ է ներկայացնում ինչպես ողջ մարդկության, այնպես էլ յուրաքանչյուր անհատի համար, անկախ իր ազգության», – նշել է Սարկիսովը:
Ցերեկային «Էմմի» մրցանակը (անգլ.՝ Daytime Emmy Award) Նյու Յորքի Հեռուստատեսային արվեստների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Լոս Անջելեսի Հեռուստատեսային արվեստների եւ Գիտությունների ակադեմիայի կողմից շնորհվող մրցանակ է, ի նշան ամերիկյան ամենօրյա հեռուստատեսային ծրագրերում լավագույն փորձի ճանաչման: Արարողությունները սովորաբար տեղի են ունենում մայիսին կամ հունիսին: «Էմմի»-ն (հեռուստատեսություն) համարվում է «Օսկար»-ին (կինո), «Գրեմմի»-ին (երաժշտություն) և «Թոնի»-ին (թատրոն) համարժեք մրցանակ: