Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը (AFI) Սթիվեն Սփիլբերգի հետ համատեղ գործարկել են առցանց կինոակումբ: Առաջին ցուցադրված ֆիլմը 1939 թվականի «Օզ երկրի հրաշագործը» է: AFI-ում նշել են, որ կինոնկարի հայտնի՝ «տնից լավ տեղ չկա» արտահայտությունը, այժմ մեծ արձագանք ունի աշխարհի իրադրության հետ եւ օժտված է ոչ միայն Դորոտիին, այլեւ միլիոնավոր մարդկանց փրկելու զորությամբ:
Ֆիլմը ներկայացրել են Լայզա Մինելլին եւ Լորնա Լաֆտը՝ «Օզ երկրի հրաշագործը» գլխավոր դերակատարուհու՝ Ջուդի Գարլենդի դուստրերը:
Ապրիլի 1-ի ֆիլմն է Բազ Լուրմանի «Մուլեն Ռուժը»: Կինոնկարը ներկայացնում է Մորգան Ֆրիմանը:
Որպես մեկնաբանություն օգտագործվում են արխիվային կադրեր, որտեղ Լուրմանը պատմում է իր աշխատանքի մասին:
Ամեն օր Սփիլբերգը եւ AFI-ն կընտրեն հանդիսատեսի առաջարկած ֆիլմերից մեկը: Դիտելու համար անհրաժեշտ է այցելել ինստիտուտի կայքի հատուկ էջ, որտեղ կհայտնվի նկարների դիտման սթրիմինգային ծառայությունների ցանկը: