Սեպտեմբերի 2-ին Երեւանում վավերագրական նախագծերի սցենարական զարգացման դասընթաց կանցկացվի: Այս մասին տեղեկացնում է IFCA – Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը:
Արդեն 9 տարի է Եվրասիադոկ ծրագիրը աջակցում է մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զարգացնում են վավերագրական ֆիլմերի ստեղծագործական նախագծեր Արևելյան Եվրոպայի երկրներում՝ մասնավորապես Հայաստանում։ 2011 թվականից արդեն իսկ 150 կինոգործիչ մասնակցել է դասընթացներին և 40 ֆիլմ արտադրվել/ավարտվել է. բացի դրանից, ևս 30 ֆիլմ այժմ արտադրության փուլում է։
2020 թվականին` արդեն 9-րդ անգամ, Հայաստանում կանցկացվի Եվրասիադոկ դասընթացը՝ այս անգամ առցանց ձևաչափով։ Դասընթացն առավելապես նախատեսված է երիտասարդ կինոգործիչների համար՝ նույնիսկ նորեկների, ովքեր լավ պատմության նախագիծ ունեն և ուզում են այն ներկայացնել ստեղծագործական վավերագրության միջոցով։
«Եվրասիադոկ»-ն իր գործունեության ընթացքում 27 դասընթաց է կազմակերպել 6 տարբեր երկրներում և միջազգային համատեղ արտադրության 8 հանդիպում Հայաստանում: 2020 թվականի հունիսի դրությամբ թողարկվել է 37 ֆիլմ, իսկ եւս 29 ֆիլմ գտնվում է արտադրության մեջ:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտ: