Սեպտեմբերի 7-ին, Իտալիայում տեղի է ունեցել Վենետիկի 76-րդ կինոփառատոնի փակման արարողությունը: Հիմնական մրցույթին մասնակցել է 21 նկար: Նրանցից լավագույններն ընտրել է միջազգային ժյուրին՝ արգենտինացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելի գլխավորությամբ: Նրա հետ միասին ֆիլմերը գնահատել են՝ Փիրս Հենդլինգը, պատմաբան եւ կինոքննադատ (Կանադա), Մերի Հերոնը, ռեժիսոր (Կանադա), Սթեյսի Մարտինը, դերասանուհի (Մեծ Բրիտանիա), Ռոդրիգո Պրիետոն, օպերատոր (Մեքսիկա), Սինյա Ցուկամոտոն, ռեժիսոր (Ճապոնիա) եւ Պաոլո Վիրջինը, ռեժիսոր (Իտալիա):
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ Ոսկե առյուծը լավագույն ֆիլմի համար, ստացել է ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը, որը նկարահանել է «Ջոկեր» ֆիլմը: Ժյուրիի Գրան պրին բաժին է հասել Ռոման Պոլանսկու «Ես մեղադրում եմ» նկարը: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռոյ Անդերսոնը, որը նկարահանել է «Անսահմանության մասին» ֆիլմը:
Լավագույն դերասանական խաղի համար ժյուրին պարգեւատրել է Արիան Ասկարիդին («Gloria Mundi», ռեժիսոր Ռոբեր Գեդիգյան) եւ Լուկե Մարինելլիին («Martin Eden», ռեժիսոր Պիետրո Մարչելլո): Մարչելո Մաստրոյանի մրցանակը Լավագույն երիտասարդ դերասանին կամ դերասանուհուն հանձնել են Թոբի Ուոլլեսին՝ Շենոն Մըրֆիի «Babyteeth» ֆիլմում դերի համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վենետիկի 76-րդ կինոփառատոնի փակման արարողության ամենավառ պահերը: