ԵՐԵՎԱՆ, 09 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Տիգրան Առաքելյանի «Զակո» լիամետրաժ անիմացիոն նախագիծը ճանաչվել է ֆրանսիական հեղինակային անիմացիոն փառատոնի Annecy Festival Residency բաղադրիչի 3 հաղթողներից մեկը: Սա նոր ձեռքբերում է հայ անիմացիոն պատմության մեջ:
Այս տարի Առաքելյանը, ի թիվս այլ հայ անիմատորների, մեկնել էր «Անսի» միջազգային անիմացիոն փառատոն, որտեղ ներկայացրել էր «Զակո» նախագիծը, որը հայկական համարտադրություն է ֆրանսիական Sacrebleu Productions և լիտվական Broom Films ընկերությունների հետ:
Ի՞նչ է «Զակո» նախագիծը
OnOff ստուդիայի «Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով, նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և իրենց կանանց։
Հայրենիք վերադառնալուց հետո, 1956թ.-ին Զակոն հնարավորություն է ունենում այցելել Պիկասոյի ցուցահանդես և կանգնելով Գերնիկայի հսկայական նկարի դիմաց տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իր անցած ողջ դժոխքը: Նա հասկանում է, որ կայանալով որպես նկարիչ, մնացել է «ԽԱԿ» տոտալիտար համակարգի ազդեցության արդյունքում։ Նկարիչ Սարգիս Մանգասարյանը ծնվել է Սովետական Միության հետ և մահացել դրա փլուզման հետ։
Ի՞նչ է Annecy Festival Residency-ն
Դա էկոհամակարգ է: Ֆիլմի ստեղծման գործընթացի առանցքային փուլը, որը պահանջում է հատուկ ուշադրություն՝ գրաֆիկական ինքնության որոնումն է և պատմության պատկերային կադրավորման (storyboard) սահմանումը: Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի, Վերին Սավոյ դեպարտամենտի, Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Մշակույթի հարցերի մարզային վարչության, CNC-ի և Netflix-ի աջակցությամբ Անսիի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնն աջակցում է ստեղծագործականությանը՝ լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի գրաֆիկայի մշակման ծրագրի միջոցով:
Annecy Festival Residency ծրագիրը գտնվում է գրելու փուլի ավարտի և արտադրության սկզբի միջև, ինչպես կատարյալ փակագիծ, որը ժամանակ է տրամադրում ստեղծագործականության, մտորումների և գրաֆիկական էվոլյուցիայի համար:
Անսիի փառատոնը և նրա Mifa շուկան, շարունակում են աջակցել անիմացիոն գեղարվեստական ֆիլմերին՝ առաջարկելով սխեմա, որը իր մեջ ներառում է ժամանակ և վայր ստեղծագործելու, կապեր ձեռք բերելու, նախագծի տեսանելիության և մոնիթորինգի ապահովումը ծրագրի ներկայիս թողարկման ընթացքում և դրա ավարտից հետո: