«Աստղային պատերազմներ» սագայի իններորդ էպիզոդում հեղինակները պատրաստվում էին արժանապատվորեն ավարտել Լեյա Օրգանայի սյուժետային գիծը, սակայն դերասանուհու մահվան պատճառով 2016-ի դեկտեմբերին նրա մասնակցությամբ նոր տեսարաններ նկարահանելն արդեն չի հաջողվել. Ջեյ Ջեյ Աբրամսը ֆիլմում օգտագործում է «Ուժի զարթոնքի» սեւագիր նյութերը:
Yahoo-ին տված հարցազրույցում Քերրի Ֆիշերի եղբայրը՝ Թոդ Ֆիշերը պատմել է, որ սցենարիստները մեծ պլաններ են կազմել Լեյայի վերաբերյալ. հենց նա պետք է դառնար Վերջին ջեդայը «Star Wars: The Rise of Skywalker»-ում, եւ իր ունակությունների հղումը 8 դրվագում պատահական չէր: Ավելին, Քերրի Ֆիշերի լեգենդար հերոսուհուն նույնիսկ ցանկանում էին տալ իր լուսային սուրը:
«Նա վերջին ֆիլմի հանգուցալուծման կարևոր մասն էր: Նա պետք է դառնար վերջին ջեդայը, այսպես ասած: Թույն, չէ՞: Ինձ անընդհատ հարցնում էին՝ «Ինչո՞ւ Քերրին չի վերցնում լուսային սուրը և ոչնչացնում վատ տղաներին:» Օբի-Վանը ուժերի ծաղկման մեջ էր, երբ նա այնքան տարեկան էր, որքան Քերրին:»
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Լեյան ամենեւին չի հայտնվի իններորդ էպիզոդում, բայց հետո դերասանուհու մտերիմները (նրա դուստրը՝ Բիլլի Լուրդն ու ինքը՝ Թոդ Ֆիշերը) Ջեյ Ջեյ Աբրամսին թույլ են տվել օգտվել այն կադրերից, որոնք նկարահանվել են դեռեւս «Ուժի զարթոնքի» համար: Ընդհանուր առմամբ, Ֆիշերի խոսքով, տևողությունը կազմել է ութ րոպե, որոնք ամբողջությամբ կընդգրկվեն առաջիկա ֆիլմում:
«Նրանք վերցրել են այդ 8 րոպեանոց նյութերից յուրաքանչյուր կադր, վերլուծել են և պատշաճ կերպով ընդգրկել են պատմության մեջ: Դա մի տեսակ կախարդանք է:»
Սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ մեզ սպասում է մեկ տարի առաջ անցկացվելիք ժամանակային թռիչք: Բացի այդ, ֆիլմում կվերադառնա կայսր Պալպատինը Իէն Մակդայարմիդի կատարմամբ, ընդ որում, ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի խոսքով, նա առանցքային դեր կխաղա ամբողջ պատմության համար: Հեղինակները խոստանում են Սքայուոկերների լեգենդար սագայի եզրափակիչը հիրավի վիթխարի դարձնել եւ երկրպագուներին հուզող հարցերին պատասխաններ տալ:
«Rise of Skywalker»-ը հայկական կինոթատրոնների էկրաններին կհայտնվեն 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: