Գրեթե միաժամանակ կանոնների փոփոխությունների մասին հայտարարել են «Ոսկե Գլոբուս» եւ «Օսկար» երկու հեղինակավոր կինոմրցանակների կազմակերպիչները: Ապրիլի 29-ի երեկոյան Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Օսկար մրցանակի համար ֆիլմերի ընտրության կանոնների ժամանակավոր բացառությունների մասին: Որոշում է կայացվել թույլատրել COVID-19 համաճարակի պատճառով միայն առցանց ցուցադրված եւ ԱՄՆ-ի կինոթատրոնային վարձույթում հայտնվել չկարողացած նկարները մրցութային ընտրություն անցնել: Ստեղծողները ֆիլմը դիտելու համար կինոակադեմիայի անդամներին պետք է տրամադրեն այն առցանց թողարկումից հետո 60 օրվա ընթացքում:
Կինոակադեմիայի մամուլի տեղեկագրում ընդգծվում է, որ փոփոխությունները ժամանակավոր են եւ կչեղարկվեն իրադրության նորմալացումից հետո: «Ակադեմիան վստահ է, որ ֆիլմը մեծ էկրանին դիտելը կինոյի մոգությունը հասկանալու լավագույն ճանապարհն է: Այդ վստահությունն անփոփոխ է և անսասան: Սակայն COVID-19-ի ողբերգական գլոբալ համաճարակի պատճառով առաջացած իրավիճակը պահանջում է այդ ժամանակավոր բացառությունները», – այսպես է մեկնաբանել ֆիլմերի ընտրության կանոնների փոփոխությունները կինոակադեմիայի նախագահ Դեւիդ Ռուբինը:
ԱՄՆ-ում կինոթատրոնների բացումից հետո բացառությունը կդադարի գործել, բայց կազմակերպիչները կընդլայնեն այն հաստիքների եւ հարթակների քանակը, որոնցում կինոցուցադրումը բավարար կլինի ընտրության որակավորման համար (նախկինում ֆիլմը պետք է ցուցադրվեր առնվազն յոթ օր Լոս Անջելեսի շրջանի կինոթատրոններում):
Կան նաեւ մի քանի փոփոխություններ, որոնք կապված չեն կորոնավիրուսի հետ: Այս տարվանից սկսած երկու անվանակարգ՝ «Լավագույն ձայնի մոնտաժ» (sound editing) և «Լավագույն հնչունավորում» (sound mixing) միավորվել են «Լավագույն ձայնը» անվանակարգում:
Բացի այդ, «Լավագույն երաժշտություն» անվանակարգին մասնակցելու համար ֆիլմն անհրաժեշտ է ունենալ օրիգինալ երաժշտության առնվազն 60%-ը, իսկ սիքվելներն ու ֆրանշիզաները՝ առնվազն 80%-ը:
Լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում նախնական փուլում կարող են քվեարկել Կինոակադեմիայի բոլոր անդամները: Պատմության մեջ առաջին անգամ երկրների առաջադրված ֆիլմերը հասանելի կլինեն Կինոակադեմիայի հատուկ բացառիկ հարթակում: Ընդ որում, Կինոակադեմիայի անդամները պետք է ֆիլմերի որոշակի նվազագույն քանակություն դիտեն, որպեսզի նրանց ձայնը հաշվի առնվի:
Ներկայիս Օսկարի սեզոնը կլինի վերջինը, երբ նախկինում հայտնի DVD ցուցադրիչների տարածումը թույլատրվում էր: Հետագայում ֆիզիկական կրիչների, տպագիր տարբերակով սցենարների եւ կոշտ սկավառակների ցանկացած ուղարկում կարգելվի: Դիտումը կիրականացվի վերը նշված բացառիկ հարթակում կամ որպես այլընտրանքային տարբերակ՝ նյութական հղումներ տրամադրելու միջոցով:
Կան մի շարք տեխնիկական փոփոխություններ կանոնակարգի եւ ընտրության կարգում:
Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հայտարարել է Լոս Անջելեսի կինոթատրոններում պարտադիր ցուցադրության պահանջի կասեցման մասին: Այսպիսով, «Ոսկե Գլոբուսին» կարող են հավակնել այն ֆիլմերը, որոնց համար Լոս Անջելեսում մարտի 15-ից մինչեւ կինոթատրոնների աշխատանքի վերսկսումը նախատեսված էին կինովարձույթային ցուցադրություններ: Նման նկարները կարող են թողարկվել միանգամից առցանց կամ հեռուստատեսությամբ եւ միեւնույն է կհամապատասխանեն մրցանակի պահանջներին: Ընդ որում, որոշումները կայացվելու են անհատական կարգով՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար: