Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ազգային կինոկենտրոնը, հուլիսի 31-ին ընտրվել է «Օսկարի» հավակնորդ ֆիլմը: Դիթո Ցինցաձեի «Շինդիսի» ֆիլմը Վրաստանից ներկայացված կլինի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Ընտրությունը ավանդաբար արվել է գաղտնի քվեարկության պայմաններում՝ «Շինդիսիի» օգտին քվեարկել է ընտրական հանձնաժողովի 12 անդամներից 10-ը: Բացի «Շինդիսի»-ից, «Օսկարի» էին հավակնում ևս չորս ֆիլմեր՝ «Շքերթը» (Նինո Ժվանիա), «Մինչև հայրիկի վերադառնալը» (Մարի Գուլբիանի), «Հարևանները» (Գիգիշա Աբաշիձե) և «Ներշնչիր-արտաշնչիր» ֆիլմը (Դիթո Ցինցաձե):
Հանձնաժողովի կազմում են կինոկենտրոնի տնօրեն Գագա Չխեիձեն, Թբիլիսիի միջազգային փառատոնի Նինո Անջապարիձեն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Նանա Դոլիձեն, ինչպես նաեւ «Վրաց ֆիլմ» կինոստուդիայի Գեորգի Խարեբավան ներկայացուցիչները: Ժյուրիի անդամներն են նաեւ պրոդյուսեր Սուլհան Տուրմանիձեն, ռեժիսորներ Զուրաբ Ինաշվիլին, Գեորգի Մասխարաշվիլին եւ Թեմուր Չխեիձեն, կինոքննադատներ Սալոմե Կիկալեիշվիլին եւ Արչիլ Շուբաշվիլին, բեմադիր-նկարիչ Անկա Կալատոզիշվիլին եւ դերասանուհի Նատա Մուրվանիձեն:
«Շինդիսի» ֆիլը պատմում է վրացական գյուղի մասին, որը պատերազմ է ապրել 20-րդ դարում: Սցենարը հիմնված է 2008 թվականի օգոստոսին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հերոս դարձած գյուղացիների եւ զինվորների անձնազոհության իրական իրադարձությունների եւ պատմությունների վրա:
Վրաստանի ազգային կինոկենտրոնը մրցույթի հայտերն ընդունել է հուլիսի 2-ից հուլիսի 26-ը: Մրցույթի պայմանների համաձայն «Օսկարին» հավակնող կինոնկարները չպետք է ցուցադրվեին համացանցում կամ հեռուստատեսությամբ մինչեւ պրեմիերան, իսկ նկարահանող խումբը հիմնականում պետք է կազմված լինի Վրաստանի քաղաքացիներից կամ ռեզիդենտներից:
«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին: