«ԿինոՊրես»-ը ներկայացնում է «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» մամուլի հաղորդագրությունը:
Բեռլինի միջազգային կինոփառատոնի և Եվրոպական կինոշուկայի հրավերով, Եվրոպական կինոշուկայի «Բազմազանություն և ներգրավվածություն» ծրագրի շրջանակներում, փետրվարի 15-21-ը՝ Բեռլինալեին մասնակցելու նպատակով, Բեռլին է մեկնելու «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» խորհրդի նախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։
«Բազմազանություն և ներգրավվածություն» ծրագիրը իրականացվում է հավասար մրցակցության հնարավորություններից զրկված կինոպրոֆեսիոնալների մուտքը գլոբալ կինոինդուստրիա ապահովելու, թերլուսաբանված կինոհանրությունների ձայնը լսելի դարձնելու և գլոբալ կինոինդուստրիայում խաղի արդար կանոնների հաստատմանը նպաստելու համար։ Հովհաննես Գալստյանի թեկնածությունն առաջադրել է Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր կառույցը՝ EAVE-ն, որը Եվրոպայում գործող ամենախոշոր մասնագիտական կինոհամայնքն է։
Եվրոպական կինոշուկայում հաստատված են երեք տասնյակից ավելի հանդիպումներ կինոինդուստրիայի պրոֆեսիոնալների՝ պրոդյուսերների, վաճառքի գործակալների, կինոփառատոների, կինոինստիտուտների և ֆոնդերի ներկայացուցիչների հետ: Այդ թվում պաշտոնական հանդիպումներ Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր (EAVE) կառույցի գործադիր տնօրեն Սատու Էլոյի և Եվրոպական Պրոդյուսերների Ակումբի (EPC) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Լեբրետի հետ։
Հովհաննես Գալստյանը Բեռլինում ներկայացնելու է «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» կառույցի ծրագրերն ու նպատակները, կառույցի անդամների կինոնախագծերը։ Մասնավորապես, ինդուստրիայի պրոֆեսիոնալներին է ներկայացվելու նորավարտ «Բեքսթեյջ» (Հայաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ) ֆիլմի արտադրության փորձը։ Հիշեցնենք, որ «Բեքսթեյջը» Հայաստանի անկախության շրջանի միակ ֆիլմն է, որը քրեական գործով հետաքննության առարկա է դարձել, ինչի արդյունքում ապօրինաբար կասեցվել է արտադրող ընկերության ֆիլմերի արտադրությունը։ Ֆիլմը էկրան կբարձրանա այս գարնանը։
Բեռլինալեի ավարտից հետո «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում խորհրդի անդամները կներկայացնեն ֆեդերացիայի նպատակները, հայկական կինոյի վերջին վեց տարիների աղետալի վիճակագրությունը և Բեռլինալեի մասնակցության արդյունքները։