Հայտնի ֆրանսիացի նկարազարդող եւ գրող Ալբեր Ուդերզոն, ով ավելի քան 60 տարի առաջ հորինել է իր հայտնի «Աստերիքս» Ռենե Գոսիննիի հետ, մահացել է 92 տարեկան հասակում: Ուդերզոյի ընտանիքը ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը պատմել է, որ նա կյանքից հեռացել է քնի մեջ:
«Նա մահացել է քնի մեջ սրտի կաթվածից, որը կապված չէ կորոնավիրուսի հետ: Մի քանի շաբաթվա ընթացքում նա շատ թույլ էր», – հայտնել է Ուդերզոյի փեսան:
1959 թվականին ստեղծված «Աստերիքս» կոմիքսների շարքը բաղկացած է 38 հատորից, որոնք թարգմանվել են ավելի քան 100 լեզուներով: Պատմությունը նաեւ հիմք է դարձել մի քանի հեռուստասերիալների, ֆիլմերի եւ մուլտֆիլմերի համար, մասնավորապես՝ «Աստերիքսն ու Օբելիքսը: Առաքելությունը՝ Կլեոպատրա» Մոնիկա Բելուչիի, Կրիստիան Կլավյեի եւ Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ: Ներկայում մշակման մեջ է գտնվում ֆրանշիզայի նոր ֆիլմը՝ ռեժիսոր Գիյոմ Կանեի «Աստերիքսն ու Օբելիքսը. Մետաքսի ճանապարհը»:
«Աստերիքսը» պատմում է անվախ գալլի արկածների մասին, որը պայքարում է Հուլիոս Կեսարի եւ հռոմեական լեգեոնի դեմ, որոնք փորձում են ներխուժել նրա գյուղ: