Տեղի է ունեցել «Տուրիզմը և ֆիլմարտադրությունը» թեմայով քննարկում, որին մասնակցել են տուրօպերատորներ ու ամերիկյան հայտնի ֆիլմարտադրողներ: Առաջիկա ամիսներին ամերիկյան Associated Television International հեռուստաարտադրող ընկերությունը մոտ 3,5 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող ֆիլմերի և տեսանյութերի արտադրության համար:
«Ամերիկացի տուրիսներին հետաքրքիր է, թե ինչ կա Հայաստանում։ Անձամբ ինձ համար շատ դժվար էր գտնել ինֆորմացիա։ Հայկական սփյուռքի համար Հայաստանը շատ գրավիչ է, բայց կարծում եմ, որ պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել»,- «Academy Films» հիմնադրամի կազմակերպած հանդիպում-քննարկման ժամանակ հայտնեց լրագրող, «Laura McKenzie’s Traveler» հաղորդաշարի հեղինակ Լորա ՄկՔենզին։ Հեռուստահաղորդավարուհին ամուսնու՝ Դեյվիդ ՄկՔենզիի հետ Երեւան էր եկել ներկայացնելու ֆիլմարտադրության եւ տուրիզմի ոլորտում իրենց փորձը եւ տուրիզմով ու ֆիլմարտադրությամբ հետաքրքրվողների հետ քննարկելու այդ ուղղությամբ հայաստանյան հեռանկարները։
Դավիթ ՄկՔենզին, որը «Associated Television International» հեռուստաարտադրող ընկերության նախագահն է, իր ելույթում հայտնեց, որ Հայաստանն ունի լայն հեռանկարներ տուրիստական երկիր լինելու համար. «Մենք ընտրել ենք երկրներ, որոնց մասին քչերը գիտեն, մենք ընտրում ենք այդ տարածքները եւ փորձում դրանք դարձնել հաջողակ»։
Ւր փորձի մասին խոսելիս նա նշեց, որ Ավստրալիայում իրենց կատարած աշխատանքից հետո տուրիստների մեծ հոսք է եղել այդ երկիր, որից հետո որոշել է փորձը կրկնել Հայաստանում՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իր հայրը հայ է: «Շատ երկար այդ որոշումը կայացրինք ընտանիքիս հետ, բայց եկանք Հայաստան եւ սիրահարվեցինք»,- նշեց Դեյվիդ ՄկՔենզին` հավելելով, որ իրենք Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ են նկարահանել եւ տարածել ամբողջ աշխարհում, սակայն դրանով չեն ցանկացել սահմանափակվել։
«Ես գիտակցեցի, որ ամենակարեւոր բանը, որ ես կարող եմ անել Հայաստանի համար, տնտեսության եւ տուրիզմի զարգացումն է։ Հասկացա՝ ինչքան կարեւոր է զարգացնել տուրիզմը, որով Հայաստանը կունենա հզոր սկիզբ եւ այնքան տուրիստ, որքան կարող է»,-ավելացրեց Դ. ՄկՔենզին։
ՄկՔենզին հայտնեց, որ տուրիզմով հետաքրքրվողները կարող են իրենց պատմությունը ներկայացնել, որոնց հիման վրա նրանք անվճար ֆիլմեր կնկարահանեն եւ կներկայացնեն ԱՄՆ-ում եւ Կանադայում։
Հեռուստահաղորդավարուհի Լորա ՄկՔենզին ասում է, որ տուրիզմի զարգացման համար կարեւոր է տեղեկատվության պարզությունը։ Ըստ նրա՝ Հայաստանն ունի այն բոլոր ճյուղերը, որոնք կարող են տուրիստների մեծ հոսք ապահովել. «Երբ ես իմացա, որ պետք է Հայաստան գամ, մտածում էի՝ ինչ պետք է անեմ այստեղ։ Ես փորձեցի տեսնել, թե ինչ ինֆորմացիա կա Հայաստանի մասին, սակայն տեղեկությունը շատ քիչ էր։ Երբ եկա, տեսա, որ Հայաստանը շատ լավ շուկա ունի էքստրեմալ տուրիզմի համար, քրիստոնեական տուրիզմի համար, Հայաստանում նաեւ շատ համեղ ուտելիքներ կան։ Աշխատեք միասին, որպեսզի հեշտ լինի։ Ամեն ինչ արեք ՝ աշխատանքն ավելի պարզ դարձնելու համար, որպեսզի մարդիկ հեշտությամբ գտնեն ձեզ»,-խոսքը եզրափակեց լրագրողը։
Հանդիպման վերջում «Academy Films» ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը հայտնեց, որ հանդիպում-քննարկումը շարունակական է լինելու եւ նպատակ ունի ստեղծել մի օղակ, որը կբարձրացնի ոլորտի խնդիրները։ «Academy Films»-ը, ըստ Թորոսյանի, համագործակցում է Կառավարության հետ։ «Ես երկար ժամանակ էքսկուրսավար եմ եղել եւ հասկանում եմ, որ տուրիզմը շատ մեծ դեր ունի մեր տնտեսության համար եւ շատ մարդիկ ներգրավվում են ոլորտում։ Աշխարհում մեծ մրցակցություն է, պետք է բոլոր կողմերով աշխատել»,-ասաց Ա. Թորոսյանը։
Աղբյուրներ՝ Հետք, Առաջին ալիք, Արմենպրես