Բոբ Այգերը՝ Disney-ի ղեկավարի պաշտոնը լքել էր փետրվարին՝ ընկերությունում մնալով որպես գործադիր տնօրեն եւ ստեղծագործական աշխատանքների համակարգող: Նա ամբողջությամբ հրաժարվել է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակաշրջանի աշխատավարձից: Նման որոշում է կայացվել ի շահ ընկերության, որը COVID-19-ի բռնկման պատճառով խոշոր վնասներ է կրել եւ չի կարող իր աշխատակիցներին վճարել նույն գումարը, ինչ նախկինում:
Ապրիլի 5-ից վճարումների կրճատումները կանդրադառնան ընկերության բոլոր թոփ-մենեջերներին, ներառյալ նոր գլխավոր տնօրեն Բոբ Չապեքին, ում աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Ընդ որում, առնվազն մինչեւ ապրիլի 18-ը, ընկերությունը կշարունակի ժամային աշխատավարձ վճարել թեմատիկ այգիների աշխատակիցներին, որոնք նախկինի պես փակ են մնում:
Հիշեցնենք, որ Այգերը համարվում է մեդիա ոլորտի ամենաազդեցիկ եւ բարձր վարձատրվող գործիչներից մեկը: Վերջին ֆինանսական տարում նրա եկամուտը կազմել է 47,5 մլն դոլար, իսկ ավելի վաղ Disney-ի նախկին ղեկավարը վաստակել է 65,6 մլն դոլար: