Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, իտալական Լիդո կղզում պանդեմիայի պայմաններում բացվել է Վենետիկի 77-րդ կինոփառատոնը: Հիմնական մրցույթին մասնակցում է 18 նկար: Հիմնական մրցույթի միջազգային ժյուրին գլխավորել է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը:
Նրան ընկերակցում են ավստրիացի սցենարիստ և ռեժիսոր Վերոնիկա Ֆրանցը, բրիտանացի սցենարիստ Ջոաննա Հոգգը, իտալացի գրող Նիկոլա Լագոյան, գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պետցոլդը և ամերիկացի դերասան Մեթ Դիլոնը, որը վերջին պահին փոխարինել է ռումինացի ռեժիսոր Քրիստի Պույային:
Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնվել է «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը»՝ կինեմատոգրաֆում ներդրման համար բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնին: Փառատոնի շրջանակներում նա վարպետության դաս կանցկացնի, ինչպես նաև կներկայացնի իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Մարդկային ձայնը» (The Human Voice) պիեսի էկրանավորումը, որում գլխավոր դեր է խաղացել: Ֆիլմի ցուցադրությունը կլինի արտամրցույթային:
Բիենալեի տնօրինությունը, որի համակարգի մեջ է մտնում աշխարհի ամենահին կինոփառատոնը, գնացել է վա-բանկ և ի սկզբանե որոշել է միջոցառումը չտեղափոխել առցանց տիրույթ, ինչպես արել են բազմաթիվ այլ ֆորումներ: Իր գրեթե 90-ամյա պատմության ընթացքում Վենետիկի փառատոնը, որը հիմնվել է 1932 թվականին Բենիտո Մուսոլինիի օրոք, ընդամենը մի քանի անգամ չի անցկացվել տարբեր պատմական անցուդարձերի պատճառով: Կորոնավիրուսի պանդեմիան խոչընդոտ չի դարձել, թեև որոշակի փոփոխություններ մտցրել է:
Փառատոնը բացվել է Դանիելե Լուկետտիի իտալական «Lacci» / «The Ties» ֆիլմով՝ Ալբա Ռորվախերի մասնակցությամբ գլխավոր դերում: Տարբեր բաժիններում կցուցադրվեն Քլոե Ճաոյի, Մալգոժատա Շումովսկու, Ջիա Կոպոլայի, Պեդրո Ալմոդովարի, Ռեջինա Քինգի և Ալեքս Գիբնիի աշխատանքները:
Պաշտոնական ծրագրում կատարվել են նվազագույն փոփոխություններ: Այսպես, «Վենետիկյան դասական» բաժինը, որտեղ ներկայացված են համաշխարհային կինոյի վերականգնված գլուխգործոցները, տեղափոխել են մեկ այլ քաղաք՝ Բոլոնիա, որը հայտնի է իր պատմական սինեմատեկայով: Իսկ առցանց տիրույթ տեղափոխել են միայն VR փորձնական կինոյի մրցույթը: Չեղյալ է հայտարարվել Sconfini բաժինը, ինչը թույլ կտա ավելի շատ սեանսներ հատկացնել մնացած ծրագրերի համար և ապահովել սոցիալական հեռավորություն:
Հավատարմագրված լրագրողների և կինոարդյունաբերության ներկայացուցիչների թիվն այս տարի սովորականից քիչ է: Շատ երկրների ներկայացուցիչներ ընդհատված կամ սահմանափակ տրանսպորտային հաղորդակցության պայմաններում պարզապես չեն կարողացել հասնել Վենետիկ: Բոլոր Բոլոր դիտումների, ինչպես նաև մամուլի ասուլիսի ժամանակ, որոնք պլանավորվում է անցկացնել ռեժիսորների մասնակցությամբ, անհրաժեշտ է նախապես գրանցվել: Տոմսերը նույնպես հնարավոր է գնել միայն առցանց:
Փառատոնի արտամրցութային բաժնի շրջանակներում հանդիսատեսը կարող է տեսնել ևս մեկ ժապավեն, որն, անշուշտ, նվեր է յուրաքանչյուրին, ով հետաքրքրվում է կինոարվեստի պատմությամբ: Խոսքը «Հոփեր/Ուելսն» / «Hopper/Welles» ֆիլմի մասին է, որը ստեղծվել է ռեժիսորներ Օրսոն Ուելսի և Դենիս Հոփերի զրույցի գտնված և վերականգնված ձայնագրության հիման վրա:
Երկու վարպետների զրույցը տեղի է ունեցել 1970 թվականին. Ուելսն այդ ժամանակ հաղթահարել է դժվարությունները, որոնք առաջացել են «Other Side of the Wind» ժապավենի վրա աշխատանքի ընթացքում, իսկ Հոպերը փառքի գագաթնակետին էր գտնվում «Անհոգ հեծյալ» հետո, սակայն նրան հեշտ չէր տրվում «Վերջին ֆիլմը» կինոնկարի մոնտաժը: Հարցերը, որոնք քննարկում են ռեժիսորները՝ Ամերիկայի բռնությունը, սեքսը, ազատությունը, ռադիկալիզմը և քաղաքական անկեղծությունը, չեն կորցրել արդիականությունը, և կինոնկարի պրեմիերան ճիշտ ժամանակին է հասել:
Այս տարի Թիլդա Սուինթոնից բացի պատվավոր Ոսկե առյուծ է ստացել հոնկոնգյան կինոյի դասական՝ ռեժիսոր Էնն Հուեյը: Երկու տարի առաջ հիմնադրված Campari Passion for Film Award մրցանակը բաժին կհասնի կոմպոզիտոր Թերենս Բլանշարին՝ Սփայկա Լիի բազմաթիվ նկարների սաունդթրեքի հեղինակին: Ի դեպ, Բլանշարն այս տարի պետք է ստանա նաև Տորոնտոյի փառատոնի պատվավոր մրցանակը:
Հանդիսավոր միջոցառումը սկսվեց կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հիշատակին երաժշտական նվիրումով: Հռոմի սիմֆոնիկ նվագախումբը՝ Անդրեա Մորիկոնեի՝ էնիոյի որդու ղեկավարությամբ, կատարեց մի հատված երաժշտական շարքից, որը գրվել է «Մի անգամ Ամերիկայում» կինոնկարի համար:
Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը:
Ամբողջական արարողությունը կարող եք դիտել ստորև՝