Երկու տարվա քրտնաջան աշխատանքից և նախապատրաստությունից հետո մենք ուրախ ենք տեղեկացնել նոր առցանց ռեսուրսի՝ «ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ» կայքի գործարկման մասին: Կայքը գործելու է kinokatalog.am դոմենային հասցեի վրա: Այս նախագիծը «ԿինոՊրես» կայքի մի մասն է և իրենից ներկայացնում է առաջին տվյալների բազան, որը նվիրված է բացառապես հայկական արտադրության ֆիլմերին և սերիալներին:
Հայկական կինեմատոգրաֆիան ունի ավելի քան 2000 արտադրված ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մեր ժողովրդի յուրահատուկ մշակույթը, պատմությունն ու ոգին: Սակայն այդ ֆիլմերի զգալի մասը մնում է ստվերում՝ դրանց մասին քիչ բան է հայտնի լայն լսարանին։ Մեր նպատակն է փոխել այս իրավիճակը։ «ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳԸ» ստեղծվել է յուրաքանչյուր ֆիլմի վրա ուշադրություն հրավիրելու համար՝ լինի դա միջազգային ճանաչում ձեռք բերած գլուխգործոց, թե արխիվում կորած համեստ աշխատանք:
Այս պահին կայքը գործում է բետա ռեժիմում։ Սա նշանակում է, որ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, և դրա հնարավորությունները անընդհատ ընդլայնվելու են: Կայքում արդեն ստեղծվել են էջեր հայկական բոլոր հայտնի ֆիլմերի համար, սակայն դրանք տվյալներով լցնելը երկար և ժամանակատար գործընթաց է: Մենք ձգտում ենք հավաքել հնարավորինս ամբողջական տեղեկատվություն՝ վերնագրերից և թողարկման ամսաթվերից մինչև հետաքրքիր փաստեր և հազվագյուտ արխիվային նյութեր: Ընդ որում, տվյալները լրացման փուլում են, և ոչ բոլոր ֆիլմերն են դեռ հասանելի կայքում։
Այս կայքը մեր ընդհանուր ներդրումն է հայկական մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում: Մտեք, ուսումնասիրեք, կիսվեք տեղեկատվությամբ և օգնեք մեզ հայկական կինոյի պատմությունը հասանելի դարձնել բոլորին: