Cinemark կինոցանցը թողարկել է 250 մլն դոլարի պարտատոմսերի փակ տեղաբաշխում՝ մինչեւ 2025 թվականը մարման ժամկետով, հաղորդում է Variety-ն: Ինչպես շուկայի շատ այլ մասնակիցների, այս քայլին դիմել ընկերությունը ստիպել է կորոնավիրուսի պանդեմիան, որը հրահրում է տնտեսական իրադրության վատթարացում: Պարտատոմսերի վաճառքն իրականացվել է ի պատասխան Fitch Ratings եւ Moody’s Investors Service ընկերությունների կողմից Cinemark վարկային վարկանիշի իջեցման: Ստացված միջոցները կուղղվեն կորպորատիվ տարբեր նպատակների, այդ թվում՝ կինոցանցի իրացվելիության բարձրացմանը: Պարտքը կապահովվի վարձակալության առաջնային գրավով:
ԱՄՆ-ում մեծությամբ երրորդ կինոցանցի պարտքային պարտավորությունների վաճառքը տեղի է ունենում կինոցուցադրության սեգմենտում ճգնաժամի հետագա խորացման ֆոնին: Մյուս կինոցանցերըը, ինչպես, օրինակ, AMC-ն, ընդհանրապես սնանկացման եզրին են, սակայն նրանցից շատերը հույս ունեն, որ կառավարությունից հատուկ վարկերը թույլ կտան նրանց գոյատևել:
Cinemark ընկերությունը հարկադիր արձակուրդ է ուղարկել բոլոր աշխատակիցներին եւ կոնսերվացրել է իր բոլոր 350 հարթակները: Գլխավոր տնօրեն Մարկ Զորադին եւ Cinemark-ի տնօրենների խորհուրդը հրաժարվել են ճգնաժամի ժամանակ իրենց հասանելիք աշխատավարձերից: 2019 թվականի վերջին Cinemark-ի մոտ նկատվել է 3,4 մլրդ դոլարի պարտքի բեռ:
«Մեր առաջնահերթությունն այն է, որ անպայման մեր դռները կրկին բացենք հանդիսատեսի համար եւ մեր բոլոր աշխատակիցներին վերադարձնենք իրենց աշխատատեղերը», – ընդգծել է Մարկ Զորադին մեկ ամիս առաջ աշխատակազմի աշխատավարձի կրճատման հայտարարության մեջ: