Հայկական անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1964 թվականի օգոստոսի 30-ին Բաքվում: Այնուհետև Սահակյանցի ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:
1970 թվականին ուսմանը զուգահեռ նա սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ անիմատոր: Ռեժիսորի աշխատանքներն են «Բարեկենդանը» (1985), «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» (1984), «Ով էնպիսի սուտ ասի…» (1982), «Խոսող ձուկը» (1983), «Դաս» (1987):
«Ես երբեք չեմ նկարում «Օսկարի» կամ Լուվրի համար, դա ինձ հետաքրքիր չէ: Ես պատմում եմ մարդու մասին»:
ռոբերտ սահակյանց
Սահակյանցի ստեղծագործական գործունեության մեջ առանձին տեղ են զբաղեցնում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը: Հայ մեծ բանաստեղծի ստեղծագործությունները շունչ ու կյանք ստացան հենց նրա օգնությամբ և սիրվեցին ինչպես մեծահասակ, այնպես էլ փոքր հանդիսատեսի կողմից:
«Ես երբեք իմ ազատությունը չեմ փոխանակի խելագար փողի և իշխանության հետ, քանի որ ես ապրում եմ ինչպես ուզում եմ, մտածում եմ, ինչպես ուզում եմ, անում եմ այն, ինչ ուզում եմ, չեմ հանդիսանում որևէ բանի և առաջին հերթին իմ սեփական ցանկությունների ստրուկ»
ռոբերտ սահակյանց, հարցազրույց «սոբեսեդնիկ արմենիա»
Սահակյանցի աշխատանքներն արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների մրցանակների՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Կիևում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում:
Ռոբերտ Սահակյանցը մահացել է 2009 թվականին` 59 տարեկանում: Հայկական անիմացիայի առաջատար Վարպետը մահացել է սրտի վիրահատությունից հետո: Բժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքի համար, սակայն Սահակյանցի կյանքը փրկել չեն կարողացել:
«Ռոբերտ Սահակյանցն այն յուրահատուկ արվեստագետներից է, որի ստեղծագործական կյանքն ու անցած ճանապարհն իրենով ուրվագծում է մի ամբողջ ժամանակաշրջան։ Նա եկավ շարունակելու անիմացիոն կինոյի լավագույն ավանդույթները՝ միաժամանակ ստեղծելով իր բացառիկ աշխարհը՝ խարսխված ստեղծական իր սկզբունքների ու մոտեցումների վրա։
Նրա ստեղծածը դպրոց էր, որը մնալու է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը»:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
Վարպետը այլևս մեզ հետ չէ, բայց մնացել են նրա ստեղծած մուլտֆիլմեր, որոնք ոգեշնչում են երիտասարդությանը: Այսօր ամբողջ ոլորտը հիշում է Ռոբերտ Սահակյանցին և ասում՝ «Ծնունդդ շնորհավոր, ՌՈԲ»: