«Անահիտ» մրցանակաբաշխությունը մեկնարկել է հայտերի ընդունումը: Հայկական ազգային կինոակադեմիայի կողմից կազմակերպվող միջոցառումը տեղի կունենա Հայ կինոյի օրը՝ 2024 թվականի ապրիլի 16-ին: Այս տարի «Անահիտ» մրցանակը հանձնվելու է 4-րդ անգամ:
Մրցանակները հանձնվում են հետևյալ անվանակարգերում.
• խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար ՝
1. Լավագույն ֆիլմ
2. Լավագույն ռեժիսոր
3. Լավագույն դերասան
4. Լավագույն դերասանուհի
5. Լավագույն օպերատոր
6. Լավագույն սցենարիստ
7. Լավագույն նկարիչ
8. Լավագույն կոմպոզիտոր
9. Լավագույն հնչյունային ռեժիսոր
• և այլ անվանակարգերում՝
10. Լավագույն վավերագրական ֆիլմ
11. Լավագույն անիմացիոն ֆիլմ
12. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
Մասնակցության հայտ կարող է ներկայացվել միայն 2022-2023 թթ. արտադրված ֆիլմերի համար:
Ֆիլմերի հայտերն ընդունվում են հունվարի 19-ից փետրվարի 29-ը (ներառյալ):
«Անահիտ» մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվեց 2017 թվականին Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ: Այն փոխարինեց ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկական ազգային կինոակադեմիայի աջակցությամբ կազմակերպվող «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը միավորում է հայկական կինոարտադրության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող գործիչների: Կինոակադեմիայի հիմնական նպատակը հայկական ֆիլմերի մասին գիտելիքներ տարածելը, նրա հարուստ ժառանգությունը ներկայացնելը և ձեռքբերումներն արժևորելն է: Մրցանակաբաշխության կարևորագույն խնդիրը հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները վերաձևակերպելն է:
Հայկական ազգային կինոակադեմիան հիմնադրվել է 2011թ-ին: Ակադեմիայի հիմնադրման և գործունեության հիմնական նպատակն է կինոարտադրության խթանումը Հայաստանում: Հանդիսանալով հասարակական կազմակերպություն` այն միավորում է կինոարվեստում, ֆիլմարտադրության և կինոգիտության բնագավառներում նկատելի ավանդ ունեցող գործիչների: Գործունեությունն ուղղված է հայկական կինոյի հարուստ ժառանգությունը ներկայացնելու և ոլորտի այսօրվա առաջնթացի խթանմանը: