Բուխարեստում՝ մարտի 12-16-ը, կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24%:
Այս մասին տեղեկացնում է Եվրիմաժի պաշտոնական կայքը: Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի խոսքերով, անդամակցությունից ի վեր (2016թ․) «Ավրորայի լուսաբացը» առաջին հայկական մեծամասնական կինոնախագիծն է, որը ֆինասավորվում է Եվրիմաժի կողմից (գումարի մեծ մասը տրվում է հայկական կողմին):
«Բարս Մեդիա» ընկերության նախագիծը գնահատվել է 10 միավոր, որը Եվրիմաժի գնահատման սանդղակի ամենաբարձր նիշն է: Սուսաննա Հարությունյանը նշեց, որ չափազանց գրագետ, աշխատված ու լավ կազմված նախագիծ էր ներկայացված կինոընկերության կողմից, ինչը ևս շատ կարևոր է նախագծերի դիտարկման ընթացքում:
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծ է՝ գերմանական Gebruder Beetz կինոարտադրող ընկերության հետ (պրոդյուսեր`Քրիսթիան Բիթց), որը ապահովելու է նախագծի բյուջեի 27,15%-ը:
«Բարս Մեդիա» ընկերության նախագծին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ 45 մլն դրամ: 2016 թվականին նախագծի զարգացման համար աջակցություն է տվել նաև «Ոսկե Ծիրանի» Հայ-թուրքական կինոպլատֆորմը՝ 2,4 մլն դրամ: Նախագծին մեծապես աջակցել է Զորյան ինստիտուտը (Կանադա)՝ տրամադրելով արխիվային նյութեր:
Ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկանյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը: 14-ամյա դեռատի աղջիկը երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում: Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել: Նրա վարձատրությունը գումարը կամ պատիվը չէր, ինչին սովոր են Հոլիվուդյան աստղերը, նրա վարձատրությունը հայ ժողովրդի դաժան ճակատագրի լուսաբանումն էր, դեռ ընթացող ցեղասպանության կանխարգելումը:
Արշալույսի ջանքերով միլիոնավոր դոլարների հանգանակություն հավաքվեց հանուն հայ որբերի, և համայն աշխարհն իմացավ հայ ազգի դեռ ընթացող ցեղասպանության մասին: Ցավոք, ժամանակի և գերպետությունների քաղաքական հետաքրքրությունների փոփոխության արդյունքում թե՛ «Հոգիների աճուրդ» ֆիլմը, և թե՛ Արշալույսը ինքը մոռացության մատնվեցին:
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կպատմի Արշալույս Մարտիկանյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:
Ընդհանուր առմամբ, Եվրիմաժի բուխարեստյան նստաշրջանին ներկայացված 47 ֆիլմերի նախագծերից համատեղ արտադրության աջակցություն են ստացել 18-ը (15-ը՝ խաղարկային, 2-ը՝ վավերագրական, 1-ը անիմացիոն): Այս նստաշրջանի ընդհանուր գումարը 4 մլն 397 հազար եվրո է եղել: