Գաֆէսճեան թանգարանի հատուկ միջոցառումների սրահում՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ վավերագրական կինոյի պոետ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ինքը՝ Վարպետը։ Հրատարակությունն ամբողջությամբ հուշագրություն է՝ հեղինակի մանկության, պատանեկության, երիտասարդության, և առհասարակ, նրա կյանքի հարազատ պատառիկները: Արտավազդ Փելեշյանը գիրքը նվիրել է իր մոր հիշատակին։
Շնորհանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորահավորելով Վարպետին, մասնավորապես, ասաց․ «Մենք այս իրադարձությանը սպասում էինք ավելի քան կես տարի և ծրագրել էինք ավելի վաղ կազմակերպել հանդիպումը վարպետի հետ, լսել նրա խոսքը, որն արժեքավոր է: Ժամանակները բարդ են, տրամադրությունները փոփոխական են, մենք մտազբաղ ենք, սակայն հենց այս օրերին շատ կարևոր է խոսել արվեստի, մշակույթի մասին, արժևորել այն, ինչ ունենք և դրա միջոցով ուժ ստանալ և հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որ կան: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Փելեշյանի արվեստն է այն ուժը, որը մեզ առաջ գնալու հնարավորություն է տալիս, և ես կարծում եմ՝ սերունդները դա ևս պետք է գնահատեն»:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց նաև, որ քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվան կինոդպրոց հիմնելու հեռանկարները, որպեսզի այն ուսանողները, որոնք իրենց ապագան տեսնում են կինոաշխարհում, կարողանան սովորել Վարպետից։
Ներկաներին հաճելի անակնկալ մատուցեց նաև Արտավազդ Փելեշյանը՝ խախտելով լռության ուխտը Վարպետը պատմեց իր կյանքի նվիրական ու գեղեցիկ հուշերից մի քանիսը։
«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի, որ զրուցեմ Փարաջանովի հետ: Երկար զրուցեցինք, շատ հարցեր քննարկեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք ավելի քան մեկ ժամ, և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եղավ: Փոստի աշխատակցուհին էր, ասաց, որ չի կարող վճար վերցնել, քանի որ իմ և Փարաջանովի զրույցի պես բան կյանքում չի լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ և հաջորդ օրը եկավ հյուրանոց, որտեղ հանդիպեցինք: Մի առիթով էլ ասաց՝ եթե ցանկանամ զանգել արտերկիր, նա անվճար խոսելու հնարավորություն կտա: Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»,-խանդաղատանքով վերհիշեց ու պատմեց Փելեշյանը:
Արտավազդ Փելեշյանի հուշագրությունների ժողովածուն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին, այլև ողջ ընթերցասեր հանրությանը:
Փելեշյանի հուշագրությունը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: