Բրիտանական ֆիլմերի փառատոնը վերադառնում է Հայաստան տասնվեցերորդ անգամ՝ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները: Փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է փառատոնի բացման արարողությունը: Բացման ֆիլմ էր «Հուշանվերը»: Ջոանա Հոգի հեղինակած այս վերջին աշխատանքը նախորդ տարի «Սանդանս» կինոփառատոնում արժանացավ ժյուրիի կողմից լավագույն միջազգային ֆիլմ մրցանակին:
Փառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա միջոցառումներից մեկն է, որի միջոցով հայ հանդիսատեսին ցանկանում ենք ներկայացնել Միացյալ Թագավորության մշակույթն ու կենսակերպը, արժեքները, ֆիլմարտադրության վերջին զարգացումները, ինչպես նաև բարձրացնել ժամանակակից Բրիտանիայում քննարկվող սոցիալական և մշակութային հարցերը:
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ ռեժիսորների աշխատանքները, որոնք ներառում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչև վավերագրություն և դրամա:
Այս տարի փառատոնի հատուկ հյուրն է Միաթյալ Թագավորությոն կինոքննադատ և գրող Իեն Հեյդն Սմիթը: Կրթական և մշակութային կենտրոնների հետ համագործակցությամբ փորձագետը ՄԹ կինոարտադրության ժամանակակից միտումները թեմայով քննարկումներ կանցկացնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայ-Ռուսական համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:
Ներկայացվելու է Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ)՝ EE ընկերության կողմից հովանավորվող ամենամյա մրցանակաբաշխության Բրիտանական կարճամետրաժ կինոնկարների և Բրիտանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի անվանակարգերում առաջադրված ֆիլմերի ծրագիրը, որում հանդես են գալիս նորարարական և փորձարարական կարճամետրաժ գեղարվեստական և ոչ գեղարվեստական կինոֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր:
Այս ծրագրում ներառված են ԲԱՖՏԱ-ի մրցանակին արժանացած և թեկնածու բոլոր վերջին կարճամետրաժ ֆիլմերը: Դրանք ներկայացնում են պատմություններ, որոնց միջոցով երևան են հանվում բրիտանական հասարակության ընդգրկուն բազմազանությունն ու կինոտեխնիկայի համաշխարհային մակարդակի հմտությունները, ինչպես նաև պատկերում են մեր ամենաշնորհալի դերասաններին: Այս ծրագիրը հիանալի փաթեթ է, որը միջազգային լսարանին հնարավորություն է տալիս ի ցույց դնելու Միացյալ Թագավորության՝ համաշխարհային որակի կարճամետրաժ ֆիլմերի արտադրության շարունակական ավանդույթները:
Փառատոնի ծրագիրը ներկայացված է Բրիտանական խորհրդի կայքում: Ֆիլմերը մեծահասակների համար են։ Կինոփառատոնի ցուցադրությունները այնուհետև կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Հիմնական ծրագիրը ցուցադրվելու է բնօրինակով, ռուսերեն ենթագրերով: Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) շրջիկ ծրագիրը ցուցադրվելու է բնօրինակով, հայերեն ենթագրերով Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է հանդիսատեսի համար, դահլիճները մատչելի են նաև սայլակ օգտագործողների համար։