Հունիսի 7-ին թողարկվեց Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» նոր կատակերգության թրեյլերը և հատնի դարձավ ֆիլմի թողարկման ամսաթիվը: Սյուժեի կենտրոնում հինգ անհաջողակներ են, ովքեր փորձում են կողոպտել մի մեծահարուստի, բնականաբար ինչ-որ բան ուզածի պես չի ընթանում:
«Ֆիլմն օրիգինալ սցենար է՝ կատակերգական ժանրի մեջ: Մտահաղացումն իմն է, իսկ սցենարը գրվել է «Դեմք» շոուի անդամների մասնակցությամբ: Ֆիլմն իրական պատմության հետ կապ չունի, բայց կան կատակներ եւ դրվագներ, որոնք ինձ եւ իմ ընկերների հետ պատահել են», – ասում է ռեժիսորը` բացահայտելով նաեւ դերասանական կազմին:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ Mp3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Արտաշես Մխիթարյանը: Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է ռեժիսորը ֆիլմում օտարազգի դերասաններ ներառված չեն, սակայն օպերատորն ԱՄՆ-ից է՝ Ֆիլիպ Վամդեվալը, որն ազգությամբ բելգիացի է ում հետ նա արդեն չորրորդ անգամ է համագործակցում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 4-ին Ամերիկայի Գլենդել քաղաքի Ալեքս թատրոնում: Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 19-ին: