Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ ոեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը, հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին:
«Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ անհնարին և վիրավորական եմ համարում մեր մնալը միությունում: Ցանկանում եմ փտում «Ոսկե ծիրանին»»:
Նրա խոսքով՝ այսպիսի որոշում են կայացրել, քանի որ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցում աշխատել. «Որոշել եմ դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է. նա երկար տարիներ փորձում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրել ֆիլմեր, որոնք ես համարում եմ անընդունելի: Այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, եւ այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ: Իմ դիմումը պատասխանն էր այս ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել մի միության մասնիկ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է, որը նպաստել է, որ այդ ֆիլմը ցուցադրվի եւ մրցանակ ստանա: Ուստի ես գնացի այդ քայլին՝ ցույց տալու համար, որ համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ կատարվում է», – նշել է Դավիթ Սահակյանցը «Երկիր Մեդիա»-ի հետ զրույցում:
Նշենք, որ Դավիթ Սահակյացն իր դիմումում որպես պատճառ նշել է նաև այն, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Ռատի Ցիտելաձեի՝ տրանսգենդերների մասին պատմող «Հասարակության գերին» ֆիլմն արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակի:
«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողների ամբողջական ցուցակի հետ կարող եք ծանոթանալ ԿինոՊրեսի հոդվածում: