«Քրուելա Դե Վիլի»՝ «101 դալմատին» մուլտֆիլմի պրիքվելի նկարահանումները ամբողջ թափով ընթանում են Լոնդոնում, եւ ֆիլմի աստղ Էմմա Սթոունը չի կարողացել անձամբ ներկա գտնվել Անահայմ քաղաքում անցկացվող D23 ցուցահանդեսին: Փոխարենը Disney ստուդիան ներկայացրել է կինոնկարի առաջին պրոմո նկարը, որտեղ ապագա չարագործը ներկայանում է ծանոթ, սեւ-սպիտակ, կերպարով, շների եւ իր օգնականների՝ Ջասպերի (Ջոել Ֆրայ) եւ Հորասի (Փոլ Ուոլթեր Հաուզեր) ընկերակցությամբ:
Ֆիլմը կպատմի Քրուելա Դե Վիլի ծագման մասին, որը «101 դալմատին» մուլտֆիլմի նրբագեղ չարագործ եւ մորթիների սիրահար է: Գործողությունը ծավալվելու է 1970-ականներին, երբ նա Լոնդոնի գեղեցիկ բնակչուհի՝ Էստելան է եղել: Հենց այդ ժամանակ աղջկա կյանքում հայտնվեց մի մարդ, ով ընդմիշտ փոխեց նրա կյանքը:
Քրեյգ Գիլեսպին՝ «Տոնյան բոլորի դեմ» սեւ կատակերգության բեմադրիչը, զբաղեցնում է ֆիլմի ռեժիսորական աթոռը: Քելլի Մարսելը («Փրկել պարոն Բենքսին») նախագծի սցենար է գրել:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի մայիսի 28-ին: