Բարի գալուստ հրաշալի նոր աշխարհ. այստեղ ստեղծվել է բարձր տեխնոլոգիական կղզի «դրախտային բլուրներ» անվանմամբ: Հարուստ ընտանիքները ուղարկում են այստեղ դուստրերին, որպեսզի իրենց նմանությամբ վերափոխեն նրանց: Չէ՞ որ եթե դու պատկանում ես բարձրագույն հասարակությանը, նույնիսկ հեռավոր ապագայում սիրո ամուսնությունը դառնում է անթույլատրելի ճոխություն: Գեղեցկություն, հնազանդություն եւ մաքրություն. ահա նոր կյանքի ուղին: Եվ քեզ հիանալի ապագա է սպասվում, եթե միայն ենթարկվես կանոններին:
Նոյեմբերի 7-ից հայկական վարձույթ է մտնում «Դրախտային բլուրները» Էմմա Ռոբերթսի և Միլա Յովովիչի մասնակցությամբ: Էլիս Վեդդինգթոնի ռեժիսորական դեբյուտի գլխավոր հերոսուհին Ումա անունով աղջիկ է (Էմմա Ռոբերթս): Մի առավոտ նա արթնանում է «Դրախտային բլուրներում»՝ Միջերկրական ծովում մեկուսի կղզու հեղինակավոր պանսիոնում: Դպրոցում, որը ղեկավարում է Դքսուհին (Միլա Յովովիչը), դաստիարակվում են հարուստ ընտանիքների աղջիկներ: Յուրաքանչյուր աղջկա համար ընտրվում է անհատական ծրագիր, որը ներառում է էթիկետի եւ վոկալի դասեր, կոսմետիկ ընթացակարգեր, մարմնամարզություն եւ խիստ դիետա: Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տրանսֆորմացիան երաշխավորված է:
Ուման ընկերանում է «Դրախտային բլուրների» մյուս սաների՝ Քլոեի (Դանիել Մաքդոնալդ), Յուի (Ակվաֆինա) եւ Ամարայի (Էյսա Գոնսալես) փոփ աստղի հետ: Շուտով հերոսուհին հասկանում է, որ հմայիչ գեղեցքության ներգո թաքնված է մռայլ գաղտնիք: Ուման ու նրա ընկերուհիները փորձում են փախչել «Դրախտային բլուրներից»…
Կինոնկարի պատկերը դուրս է եկել գունագեղ, դինամիկ: Ինչպես խոստովանում է Էլիսը, ֆիլմի գաղափարը երկար տարիներ է կրել: 2015 թվականին նա սկսել է աշխատել ֆիլմի սցենարի սևագրի եւ առաջին ուրվագծերի վրա, եւ այդ գործընթացը վերածվել է անհատական էկզորցիզմի սեանսի:
Եվ այստեղ մենք անցնում ենք սյուժեի խնդիրներին: Դրան սարսափելիորեն սասփենս չի հերիքում: Մեզ ցույց են տալիս ապագայի աշխարհը, բայց չեն բացահայտում այն: Սա հեռավոր ապագա է, որտեղ ապրում են հարուստները և աղքատները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես հերոսուհիները չեն կարող լինել ուժեղ եւ անկախ, եթե նրանց կողքին չկա տղամարդկանց նվաստացում: Տղամարդիկ ֆիլմում քիչ են, եւ նրանք բոլորն էլ ներկայացված են բացասական լույսի ներքո:
Հանդիսատեսը պետք է վտանգ զգա հերոսուհիների հետ միասին, վախենա նրանց ճակատագրի համար: Տեղը պետք է գոնե մի քիչ վախեցնի: Բայց ոչ մի վտանգ չկա: Կերպարները ման են գալիս գեղեցիկ վայրում և խոսում են իրենց մտահոգող բաների մասին:
«Դրախտային բլուրները» կատարյալ օրինակ է, երբ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվում է չմշակված պատմություն, որն ունի ներուժ: Ֆիլմը գեղեցիկ է, թեթև է նայվում, բայց այն կարելի է անվանել մեկ անգամվա դիտման ֆիլմ: