Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանել է «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչների» և «Էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչների» նոր ձևաչափ:
Չափորոշիչներում կարևորել է այն հանգամանքը, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, իսկ երեխաների իրավունքներն ու շահերը վեր դասելով բազմաթիվ հիմնախնդիրներից, առաջացել էր այդ չափորոշիչները լրամշակելու անհրաժեշտությունը, որոնք օգտագործվելու են հեռուստառադիոծրագրերում:
Չափորոշիչների մշակման հիմքում ընկած է յուրաքանչյուր երեխայի, ցանկացած իրավիճակում պաշտպանված լինելու, շահերն ու անվտանգությունը պաշտպանելու գաղափարը, որը գերակա է լինելու խմբագրական ցանկացած պահանջի հանդեպ:
Չափորոշիչներում հստակ ներկայացվել են այն դրույթները, որոնք անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հետևել. ձգտել առավելագույն ճշգրտության, ապահովել անչափահասների մասին տրամադրած տեղեկատվության հավաստիության, նվազագույնի հասցնելով նրանց համար հնարավոր վտանգները և այլն:
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են նաև հետևել և եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումից:
Որոշումների վերջում հստակ նշված է «Ժամը 6.00-24.00 ընկած ժամանակահատվածում ցուցադրվող հաղորդումները չեն կարող պարունակել անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսարաններ:»
Հարկ ենք համարում նշել, որ հեռուստաընկերություններըթերի պատշաճ կերպով չեն կատարում իրենց աշխատանքը՝ հայերեն հնչունավորման աշխատանքների շրջանում կտրատում են ֆիլմերը/սերիալները և 24.00-ից հետո չեն ներկայացնում ամբողջական՝ չգրաքննված ֆիլմը/սերիալը: Երբ ֆիլմը ցուցադրվում է ռուսերեն- այն ցուցադրվում է այնպես, ինչպես որ կա:
Վերը նշված որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝