IndieWire պարբերականին տված հարցազրույցում հայտնի ռեժիսոր Թերի Գիլիամը մտահոգություն է հայտնել կինոթատրոններում Marvel-ի ֆիլմերի գրոհի կապակցությամբ եւ «Սեւ Հովազը» անվանել է «լիակատար ք*ք»՝ հեղինակներին մեղադրելով անիրավության մեջ:
«Ինձ դուր չի գալիս այն փաստը, որ դրանք (Marvel-ի ֆիլմերը – խմբ.) լիովին գերակշռում է բոքս օֆիսում: Գռփում են այն գումարները, որոնք կարող էին գնալ հսկայական քանակությամբ այլ ֆիլմերի ստեղծման համար: Տեխնիկապես նրանք հրաշալի են պատրաստված… Ո՞ւր է լրջությունը: Սուպերհերոսական ֆիլմերում ամեն ինչ հնարավոր է: Կյանքը ավելի հետաքրքիր է դառնում սահմանափակումների շնորհիվ», – նշում է Գիլիամը:
Հատկապես չսիրեց ռեժիսոր Ռայան Կուգլերի օսկարակիր «Սև Հովազը» ֆիլմը՝ «Ահավոր չսիրեցի: Խելագարվում էի: Այս ֆիլմը սևամորթ երեխաներին կեղծ գաղափար է տալիս, որին իբր պետք է հավատալ: Անհեթեթություն: Լիակատար ք*ք: Կարծում եմ, ստեղծողները նույնիսկ Աֆրիկայում չեն եղել: Պարզապես ստիլիստներին առաջադրանք են տվել, որպեսզի նրանք ընտրեն ավանդական աֆրիկյան կոստյումներ եւ այլ իրեր: Զզվանքը առաջացել է նաև այն պատճառով, որ ԶԼՄ-ները անընդհատ պնդում էին այս կեղտի կարևորության մասին: Զայրանում եմ դրանից»:
Վերջերս հայտնի ռեժիսորները ավելի ու ավելի ակտիվ են արտահայտվում Marvel-ի կինոտիեզերքի թեմայով: Քննարկման տոնը տվել է Մարտին Սկորսեզեն, որը նման ֆիլմերն անվանել է «ատրակցիոն»:
Գիլիամի նախորդ նախագիծը՝ «Մարդ, որը սպանել է Դոն-Կիխոտին», ստեղծվել է 30 տարի եւ բազմաթիվ խնդիրներ է կրել նախապատրաստման փուլում: Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանում անցյալ տարի՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ: