«Ապոկալիպսիսի» իրադարձություններից հետո Չարլզ Քսավյեի շնորհալի դեռահասների դպրոցը ծաղկում է: Պրոֆեսոր Իքսը (Ջեյմս Մաքևոյը) մշտապես այցելում է հանդիսավոր ընդունելություններ եւ սեղմում նախագահի ձեռքը, մինչդեռ նրա սաները համերաշխորեն փրկում են մոլորակի բնակիչներին: Բայց մի օր երիտասարդ մուտանտները մեկնում են տիեզերք հերթական առաքելությունը կատարելու համար, բայց ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Ջին Գրեյը օժտվում է անհավանական գերկարողություններով, որոնք ամբողջությամբ փոխում են նրա կյանքը՝ նրան դարձնելով Խավարի Փյունիկ:
2006 թվականին նման պատմություն արդեն ծավալվել է «Իքս Մարդկանց» կինոտիեզերքում, սակայն ավելի ուշ այդ գիծը ջնջել է «Անցած ապագայի օրեր» ֆիլմը: «Վերջին մարտում», որի սցենարիստ է հանդես եկել «Խավարի Փյունիկի» ռեժիսոր Սայմոն Քինբերգը, Ջին Գրեյը նույն կերպ խելքն է թռցնում և վերածվում է սպանության մեքենայի: Ճիշտ է, այս անգամ ոչ առանց կողմնակի միջամտության. յուղը վերածնված կրակի մեջ լցնում է Սմիթ անունով այլմոլորակայինը, ում մարմնավորել է Ջեսիկա Չեստեյնը:
«Խավարի Փյունիկը» հիշեցնում է բավականին ձանձրալի, տափակ եւ չափազանց դրամատիկ հրաժեշտ, որից հետո նույնիսկ չես ցանկանում հուզվել: Ֆիլմը ոչ մի կերպ չի բացատրում այլմոլորակայինների պատմությունը: Լուրեր էին շրջանառվում, որ ֆիլմում կհայտնվեն Շի’արը եւ Լիլանդրա Նիրամանին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Խավարի Փյունիկի մասին պատմության վրա: «Իքս Մարդիկ. Առաջին դաս» ֆիլմում մենք արդեն տեսել ենք Դժոխային կրակի ակումբը և շատ տրամաբանական կլիներ այն այստեղ բերել, քանի որ ակումբը Երկրի վրա մութ ուժերի շարժիչ է այս պատմության մեջ: Արդյունքում, «Իքս մարդկանց» տիեզերքի առաջին ֆիլմը, որը կենտրոնանում է կին կերպարների վրա, շատ է պարտվում:
Կինոթատրոններում հունիսի 6-ից: