Աստղիկ Ղազարյանի «Լիլիթ անունով տիկնիկ», Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» և Մարինա Արզումանովայի «Ռոմեո» ֆիլմերը ներկայացված էին Ղազախստանի VIII Բայկոնուր միջազգային կինոփառատոնում, որը անկցավում էր սեպտեմբերի 6-10-ը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը արժանացել է «լավագույն սցենար» մրցանակի: Ֆիլմը պատմում է երկու դեռահաս՝ մանրավաճառ Մխիթարի ու շախմատիստ Կարենի մասին, որոնք հանդիպում են գնացքում։ Հանդիպումը երկուսի համար էլ դառնում է առերեսում։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Լուսինե Պապոյան, օպերատոր՝ Արթուր Ղարայան, դերասաններ՝ Սերգեյ Փիլոյան, Գուրգեն Զաքարյան, պրոդյուսեր՝ Արամ Խաչատրյան, ընկերություն՝ Սիլուետ Ստուդիո:
Աստղիկ Ղազարյանի «Լիլիթ անունով տիկնիկ» կարճամետրաժի հիմքում է Նարե Վարուժանի «Տիկնիկը» ստեղծագործությունը: Ընտանիքի հայրը երկու աղջիկ ունենալուց հետո երազում է տղա երեխա ունենալու մասին։ Եվ ահա, նրա կինը հղիանում է…
Ֆիլմը արդեն հնարավոր է դիտել Կինոդարան առցանց կինոթատրոնում: