Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima’t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:
Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը ունի Ամերիկյան կինոակադեմիայի «Կվալիֆիկացված կինոփառատոն» որակավորումը, ինչը նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիայում՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում՝ ուշադրության են արժանանալու Օսկար մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:
«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» խոսքով սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:
Ֆիլմն ընդգրկվել է նաև իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից – հոկտեմբերի 3-ը: Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ, այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ:
«Կաֆկայի երազը» ֆիլմի համակարգչային գրաֆիկան և անիմացիան՝ «Վարդազարյան-ստուդիոյի», հեղինակ և ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, գլխավոր պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր՝ Արամ Վարդազարյան, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան: