Այսօր Հայ կինոյի օրն է և ԿինոՊրեսը շարունակում է «Կինոարվեստը և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.» հոդվածների շարքը, որոնցով հանդես է եկել Հայաստանի Ազգային Արխիվը ներկայացնելով դրանք «Բանբեր Հայաստանի արխիվներից» գիտահանրամատչելի հանդեսի ներգո: Գուցե մեր անցյալը օգնի հասկանալ ներկան և գտնել խնդիրների լուծման ճանապարհը:
- «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1» կարդացեք այստեղ:
- «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 2» կարդացեք այստեղ:
«ՀԿ(բ)Կ Կենտկոմից խնդրվում էր Հայաստանի Գրողների միության առջև հարց բարձրացնել սցենարների ստեղծման աշխատանքների արմատական բարելավման անհրաժեշտության մասին, ինչի արդյունքում միայն հնարավոր էր համարվում հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի ծանր դրության հաղթահարումը:
Բնականաբար, կինոստուդիայի այս վիճակը բացասաբար պետք է ազդեր նաև նրա հաստիքային կադրերի քանակի պահպանման վրա: Այս տեսանկյունից ուշագրավ է հետևյալ փաստը, որը հերթական անգամ վկայում է նաև անգամ առաջին հայացքից չնչին թվացող հարցերում կուսակցական վերադասի կողմից վճռորոշ դերակատարության մասին: Օրինակ, 1948թ. մարտի 31 ին Կինեմատոգրաֆիայի նախարարի տեղակալ Կ.Փարսադանյանը ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարոզչության գծով քարտուղար Զ.Գրիգորյանին ներկայացնելով կինոստուդիայի կադրային իրավիճակն առաջարկեց կատարել համապատասխան կրճատումներ` նրանց կենսագրական տվյալներով, անգամ ներկայացնելով նախարարության հրամանի նախագիծը:
Կինեմատոգրաֆիայի նախարարությունը ՀԿ(բ)Կ Կենտկոմին էր ներկայացնում անգամ իր եռամսյակային և տարեկան գործողությունների պլանների կատարման հաշվետվությունը: Այսպես, օրինակ 1948թ. ապրիլի 28-ին:
Հետպատերազմյան առաջին հնգամյակի առավել հայտնի ֆիլմերից էր «Արարատյան դաշտի աղջիկը» կինոնկարը, որի ցուցադրությունը կինոթատրոններում սկսվել էր 1949թ. դեկտեմբերի 21-ից: Այս կինոնկարի կարևորության մասին էր արդեն իսկ վկայում 1950թ. հունվարի 11-ին Կինեմատոգրաֆիայի Ա.Շահինյանի զեկուցագիրը ՀԿ(բ)Կ Կենտկոմին:
Բավական է նշել, որ մինչև 1950թ. հունվարի 10-ը այս ֆիլմը միայն Երևանում դիտել էր 60 հազար մարդ: Ֆիլմի հաջողությունները իշխանությունները բացատրում էին հետևյալ կերպ. «Կոլխոզային աշխատանքի ճիշտ պատկերում, պայքար բերքատվության բարձրացման համար, կնոջ դերը սոցիալիստական շինարարության մեջ, մարդկանց վերադաստիարակության հարցը և հատկապես ֆիլմի երաժշտությունը, շատ լավ է օգտագործված Սովետական Հայաստանի բնությունը»: Միաժամանակ անհասկանալի էր համարվում հանրապետական մամուլի «քար լռությունը»:
Հետպատերազմյան տարիներին բնորոշ և առաջին հայացքից անհեթեթ թվացող այնպիսի մի հարց, ինչպիսին կինոթատրոններում էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները, նույնպես գտնվում էր իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին է վկայում Կինեմատոգրաֆիայի նախարարության 1950թ. փետրվարի 22-ի գրությունը ՀԿ(բ)Կ Կենտկոմին:
Խորհրդային հասարակարգին բնորոշ մի այնպիսի երևույթ, ինչպիսին անանուն դիմում-բողոքներն էին, հատուկ էր նաև կինոարտադրության ոլորտին: Այդպիսիք պարտադիր կարգով քննարկվում և արդյունքները զեկուցվում էին կուսակցական վերադասին: Նման օրինակ էր Կինեմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանի 1950թ. հունիսի 5-ի զեկուցագիրը ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Զ.Գրիգորյանին:
Ընդունված կարգի համաձայն Երևանի կինոստուդիայի թեմատիկ պլանները նույնպես պետք է հաստատվեին կուսակցական վերադասի կողմից: Այսպես, 1950թ. հուլիսի 10-ին Ա.Շահինյանը Զ.Գրիգորյանին վավերացման համար ներկայացրեց 1951-1952թթ. պլանը` յուրաքանչյուր ֆիլմի հակիրճ հիմնավորմամբ:»