Շուրջ 8-ամսյա ծավալուն աշխատանքներից՝ նախնական ուսումնասիրություններ, ֆոկուս-խմբային մի քանի տասնյակ հանդիպումներ, բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական քննարկումներ, միջազգային փորձագիտական գնահատումներ և այլն, այսօր կայացավ ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ մշակվող օրենքի նախագծի առաջին տարբերակի ներկայացումը:
Աշխատանքային խումբը՝ որպես ծանոթացման գործընթացի սկիզբ, առաջին հանդիպումն ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վահագն Թևոսյանի և Աննա Կոստանյանի հետ:
Նախագիծը մասնագիտական լուրջ ու սկզբունքային բանավեճերի արդյունքում ստացել է «ՀՀ օրենքը կինոարվեստի մասին» անվանումը:
«Կինոարվեստի մասին ՀՀ օրենքի» նախագծի առաջին տարբերակը առաջիկա օրերին կներկայացվի նաև կինոկազմակերպություններին, կինոարտադրող ընկերություններին, ինչպես նաև կդրվի հանրային լայն քննարկման, որից հետո՝ քննարկելով բոլոր ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, աշնանը սպասվող մի քանի նոր միջազգային փորձագիտական դիտարկումները, օրենքի նախագիծը Ազգային Ժողով կներկայացվի վերջնական տեսքով: