Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2020 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ:
«Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք», – նշվում է հայտարարության մեջ:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում: Մրցույթի կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով kinokentron.hayter2020.1@gmail.com էլեկտրոնային հասցեին: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, նոյեմբերի 14-ից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2019 թվականի դեկտեմբերի 16-ը, ժ․18:00:
2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում: Մասնակցելով կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղականության իրականացմանը` շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային հիմնախնդիրները՝ արդիական եւ պատմական թեմաների արծարծմամբ, բավարարում է նաև երեխաների և պատանիների հոգևոր պահանջները՝ կազմակերպելով մուլտիպլիկացիոն կինոնկարների և մանկապատանեկան երգիծական կինոհանդեսների արտադրությունը: