Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է փորձագետների թեկնածուների անժամկետ հավաքագրում` կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման մրցույթներում Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու նպատակով:
Փորձագիտական հանձնախմբերում ընդգրկվելու համար հայտ կարող են ներկայացնել կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կինոպրոդյուսեր (կինոարտադրող), կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոօպերատոր, կինոնկարիչ, մոնտաժի ռեժիսոր/կինոխմբագիր, կինոգետ, որոնք հեղինակել են.
լիամետրաժ նախագծերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն մեկ լիամետրաժ կինոնկար, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված, կարճամետրաժ նախագծերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն մեկ լիամետրաժ կամ երկու կարճամետրաժ կինոնկար, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված:
Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին.
- մասնակցություն միջազգային կինոփառատոնի
- անդամակցություն միջազգային կինոփառատոնի ժյուրիի
- միջազգային կինոփառատոնի մրցանակ
- համատեղ ֆիլմարտադրության փորձ
- կինոգետները՝ կինոարվեստի վերաբերյալ աշխատություն կամ վերլուծական հոդվածների ժողովածու կամ միջազգային որևէ լեզվով արտերկրում հրատարակված վերլուծական հոդված:
Ծանոթություն`
Փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկված թեկնածուներին կինոկենտրոնը ներկայացնում է հանձնախմբում աշխատելու և նախագծերը գնահատելու կարգերը, ճշտում է տվյալ մրցույթում ներկայացվելիք հայտերի հետ նրանց առնչություն ունենալու հարցը, ծանոթացնում է փորձագիտական հանձնախմբի անդամի հետ կնքվելիք պայմանագրի պայմաններին:
Կինոկենտրոնի և փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքված պայմանագիրը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.
- Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել կինոկենտրոնի կամ լիազորված պետական մարմնի աշխատակից:
- Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել տվյալ անվանակարգի մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել տվյալ անվանակարգի մրցույթին ներկայացված հայտերի հիմնական ստեղծագործական կազմերում:
- Նման հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները զրկվում են հանձնախմբերում աշխատելու հնարավորությունից և կինոկենտրոնը միայն այդ տեղի համար ընտրում է նոր թեկնածու:
- Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ նպատակներով, բացի մրցույթի կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:
Մրցույթներն իրականացնելիս նախագծերը ընդունվելու, ուսումնասիրվելու, գնահատվելու, ընտրվելու և ֆինասավորվելու են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով հաստատված «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի համաձայն:
Մրցույթների անցկացման և նախագծերի ֆինանսավորման կանոնակարգի տեքստը, այդ թվում խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծերի լիամետրաժ և կարճամետրաժ, դեբյուտային և ոչ դեբյուտային կինոնկարների նախագծերը գնահատելու չափորոշիչները, ընտրված նախագծերին ֆինանսների բաշխման կարգը և անհրաժեշտ ձևաթղթերը, տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական ncca.am կայքի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնում:
Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկվելու համար բոլոր թեկնածուները պետք է առցանց՝ kinokentron@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց լուսանկարով ընդլայնված կենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները, ինչպես նաև՝ իրենց հետ կապ հաստատելու տվյալներ` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե (ցանկալի է gmail.com) և այլն:
Փորձագետների թեկնածուների հայտերն ընդունվում են միշտ և անժամկետ:
Հեռախոսահամարներ` 010 522032, 010 522038