«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը, որը տեղադրվելու է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Կինոփառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվելու է հուլիսից:
Աղասի Այվազյանը որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը։ Այնուհետև նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։
Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները: