Հայկական ազգային կինոակադեմիան այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 96-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում առաջադրմանը Հայաստանի կողմից կներկայացնի ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
«Ամերիկացին» պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:
Ֆիլմը նկարահանել է Արման Նշանյանի People of Ar Production ընկերության կողմից։ Ֆիլմում նկարահանվել են Միքայել Ա. Գուրջյանը, Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինն, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան – Պիեր Նշանյանը: