Վերջերս հայկական ֆիլմերը ավելի հաճախ են հայտնվում միջազգային կինոփառատոներում, ապահովելով Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում:
2023 թվականին առաջին անգամ հայկական վավերագրական ֆիլմը ճանաչվեց լավագույն IDFA (Վավերագրական կինոյի միջազգային փառատոն Ամստերդամում) կինոփառատոնի կողմից: «1489» կինոնկարը պատմում է ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի 21-ամյա եղբոր անհետացման մասին, որն անհետ կորել էր 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողությունների առաջին օրերին:
Ստանալով փառատոնի գլխավոր մրցանակը, որը իր հետ ռեժիսորին բերեց 15 000 եվրո դրամական պարգև, ֆիլմը արժանացավ նաև FIPRESCI մրցանակի: Փառատոնը արդեն հայտարարել է, որ IDFA on Tour 2024 շրջագայության ընթացքում ֆիլմը կցուցադրվի Նիդերլանդների 50 կինոթատրոններում:
Շողակաթ Վարդանյանի ֆիլմը վերջերս ընդգրկվել է իտալական Տրիեստի կինոփառատոնի վավերագրական մրցույթում և շվեդական Գյոթեբորգի կինոփառատոնի Voyage բաժնում: IDFA-ից հետո հեռախոսով նկարահանված լիամետրաժ ժապավենը հրավեր է ստացել Կրակովի կինոփառատոնից:
Դաժան պատերազմական իրողությունը շարունակվում է նաև Հասմիկ Մովսիսյանի «250ԿՄ» խաղարկային կարճ մետրում, որն մասնակցություն է ունեցել ավելի քան 15 կինոփառատոնում:
Ֆիլմը հիմքում է իրական պատմություն, իսկ գլխավոր դերակատարը հենց այդ պատմության հերոսն է: Երբ անսպասելիորեն պատերազմ է սկսվում, 14-ամյա Վահե Սարգսյանը ստիպված է մի որոշման հանգել, որը կարող է փրկել ընտանիքը։ Մտածելու ժամանակ չունենալով՝ նա սկսում է 250-կիլոմետրանոց վտանգավոր ճամփորդություն դեպի անվտանգություն…
Կինոնկարը իր ճանապարհը սկսեց Կրակովի կինոփառատոնի միջազգային մրցութային բաժնից, պաշտոնապես ընտրվել է Օսկար մրցանակաբաշխության որակավորում ունեցող Սենթ Լուիսի միջազգային կինոփառատոնի կողմից և ճանաչվել լավագույն կարճամետրաժ ֆիլմ Amnesty International-ի կողմից: Վերջերս ժապավենը ստացել է ռուսական Կինոպրոբա կինոփառատոնի Գրան պրին և ուսանողական մրցանակը:
Կինոփառատոնային շքերթը գլխավորում էր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող վավերագրական անիմացիոն ֆիլմը, որը լինելով իր տեխնոլոգիայով առանձնահատուկ մասնակցություն է ունեցել անիմացիոն և վավերագրական ֆիլմերի փառատոներում և արժանացել ավելի քան 10 մրցանակի: Ռեժիսոր Արմինե Անդայի տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման մասին պատմող «Թռչող տերևների երգը» անիմացիոն ժապավենը ընտրվել է առնվազն 40 կինոփառատոնի կողմից: Նկարը 2024 թ. ներառվել է Փարիզի միջազգային անիմացիոն փառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում և Պորտուգալիայի «IndieJunior Porto» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի մրցույթում:
Տարբեր հարթակներում ներկայացվել են նաև ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի», Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով», Ջեսիկա Վուդվորթի «Լուկա», Վահան Գրիգորյանի «Ցեխը», Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները», Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար», Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում», Հայկ Օրդյանի «Զուլալի», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը», Հարություն Խալաֆյանի «Մի անգամ դպրոցում», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը», Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները», Արսեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 երազողները և ձին», Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» կինոնկարները:
Առանձին հարկավոր է նշել ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» և Արամ Շահբազյանի «Մարդը, որը քնած ժամանակ սաքսոֆոն է նվագում» նախագծերը: «Զակո» լիամետրաժ անիմացիոն նախագիծը ճանաչվել է ֆրանսիական հեղինակային անիմացիոն փառատոնի Annecy Festival Residency բաղադրիչի 3 հաղթողներից մեկը, այս մասին «ԿինոՊրես»-ը հայտնել էր դեռ դեկտեմբերին:
Արամ Շահբազյանի «Մարդը, որը քնած ժամանակ սաքսոֆոն է նվագում» նախագիծը 486 կինոնախագծերից ընտրվել է «Երբ Արևելքը հանդիպում է Արևմուտքին»՝ Տրիեստի կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցող իտալական համաարտադրության 14-րդ ֆորումի մրցութային ծրագիր: WEMW (When East Meets West) համատեղ արտադրության հարթակի շրջանակում նախագիծը կներկայացվի հունվարի 21-24-ը: