Եթե համացանցում որոնեք Լևոն Աթոյանցի անունը, նրա կողքին կհայտնվեն «լեգենդ», «պաշտամունքային կինոօպերատոր», «հայկական կինոյի ականավոր գործիչ» բառերը: Սեպտեմբերի 9-ին վաստակաշատ արվեստագետ, Հայկինոյի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը նշում էր ծննդյան 90-ամյակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն դրամական պարգևի հետ կինոօպերատորին հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։
Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լևոն Աթոյանցը ասել է. «Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ արժանանում եմ պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։
ԿինոՊրեսը շնորհավորում է պարոն Աթոյանցին և մաղթում է ամուր առողջություն:
Լևոն Աթոյանցը նկարահանել է ավելի քան 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմ, որոնց թվում են հայկական Ոսկե կինոֆոնդը կազմող հայտնի, սիրված ֆիլմերը՝ «Զինվորն ու փիղը», «Հեղնար աղբյուրը», «Մորգանի Խնամին», «Սպիտակ ափեր» / «Ջուրը մեր հանապազօրյա», «Քաոս», «Խոշոր շահում», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը»
Հուլիսին մեկնարկել էր ստորագրահավաք Լևոն Աթոյանցի 90 ամյակի առթիվ: Ստորև ներկայացնում ենք տեքստը և ստորագրած անձանց անունները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն Վարչապետ, ս․թ․ սեպտեմբերի 9-ին լրանում է հայկական կինոյի նահապետերից մեկի, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90 ամյակը։
Աթոյանցը նկարահանել է 20 գեղարվեստական և շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմեր, որոնք Հայկական կինոյի անքակտելի գործեր են.(ֆիլմացանկը կցված է նամակին)
Վարպետ օպերատորը, մասնագիտական գործունեությանը համընթաց, իր փորձը և մասնագիտական նրբությունները մշտապես հաղորդել է երիտասարդ կինոօպերատորներին, դրանով իսկ ներդրում բերելով մի քանի սերունդների մասնագիտական կրթմանը և կայացմանը։ Այսօր էլ նա լավատեղյակ է երիտասարդ կինեմատոգրաֆիստների նոր ֆիլմերին, համաշխարհային կինոյի ընթացքին։
Բացառիկ համեստությունը, սկզբունքայնությունը, կինոարվեստին անտրտունջ ծառայելը և արդարության սրված զգացումն են մշտապես եղել Լևոն Աթոյանցի կյանքի ուղեկիցները: Պետական պարգևներ կամ մեծարում ստանալու ակնկալիքով նա երբեք չի հայտնվել որևէ քաղաքական ճամբարում և իշխանության միջանցքներում, չի ակնկալել և չի ստացել դրանք։ Սակայն, կարծում ենք, աներկբա է, որ վարպետի ապրած կյանքը և մեզ թողած կինոժառանգությունն արժանի են պատվելի գնահատականի։
Մեծարգո պարոն Վարչապետ, Հայաստանի և աշխարհասփյուռ հայ կինոգործիչների անունից դիմում ենք Ձեզ՝ հայկական կինոյում ունեցած ծանրակշիռ վաստակի և ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պատշաճ գնահատանքի արժանացնելու համար։
Դիմողներ՝
- Արթուր Դեր Թումասյան / կինոռեժիսոր ԱՄՆ
- Արտյոմ Մելքումյան / կինոօպերատոր ՀՀ
- Սաթիկ Ստեփանյան / կինոճարտարագետ ՀՀ
- Արտյոմ Ազարյան/ դերասան ՀՀ
- Հայկ Կիրակոսյան /շարժապատկերիչ ԹՀ
- Թերեզա Մնացականյան/ վարպետ վերականգնող (ազգային արխիվ, կինոյի բաժին) ՀՀ
- Մանվել Սարիբեկյան/ կինոպրոդյուսեր ՀՀ
- Գայանե Առաքելյան/ ռեժիսոր, սցենարիստ,պրոդյուսեր ՀՀ
- Մարտին Հուրիխանյան/ կինոխմբագիր, լրագրող ՀՀ
- Ռազմիկ Աբրահամյան/ կինոխմբագիր ՀՀ
- Գագիկ Ստեփանյան / կինոռեժիսոր, սցենարիստ, կինոխմբագիր ՀՀ
- Քնարիկ Միրզոյան/ սցենարիստ ՀՀ13. Դավիթ Մաթևոսյան/ ռեժիսոր ՀՀ
- Հովհաննես Գալստյան/ կինոռեժիսոր,պրոդյուսեր ՀՀ
- Արուսյակ Սիմոնյան – ռեժիսոր, ՀՀ
- Աշոտ Ադամյան/ռեժիսոր, դերասան ԱՄՆ
- Արմեն Ադիլխանյան/պրոդյուսեր ՌԴ
- Սարգիս Սարգսյան ԱՄՆ
12.07.2020 թվականի դրությամբ նախաձեռնությունը հավանության են արժանացրել Լևոն Աթոյանցին ճանաչող ևս 46 ֆեյսբուքյան օգտատեր:
Օգոստոսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է, որ «առաջարկը ընդունվել է ի գիտություն և սահմանված կարգով կքննարկվի ՀՀ պետական պարգևի և պատվավոր կոչման առաջադրվող թեկնածուների նախագիրծը կազմելիս»: