«Մինիոններ: Գրյուի ծագումը» մուլտֆիլմի պրեմիերան հետաձգելու որոշումից երկու շաբաթ անց Universal Pictures ստուդիան կողմնորոշվել է վարձույթում մեկնարկի նոր ժամկետի հետ: 2020 թվականի հուլիսի 3-ի փոխարեն անիմացիոն բլոկբաստերը կթողարկվի 2021 թվականի հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես փակվել էր Փարիզում գտնվող Illumination Mac Guff ստուդիան: Այնպես է ստացվել, որ նույնիսկ ամռանը իրավիճակի կարգավորման դեպքում «Մինիոնների» սիքվելը պարզապես ժամանակին պատրաստ չի լինի:
Ավելի վաղ 2021 թվականի հուլիսի 2-ին պետք է նորամուտը նշեր Illumination Entertainment ստուդիայի մեկ այլ սիքվել՝ «Երգի՛ր 2»: Նրա պրեմիերան հետաձգվում է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ առաջին «Երգի՛ր» անիմացիոն ֆիլմը նույնպես լույս է տեսել 2016 թվականին, Սուրբ Ծննդյան նախաշեմին՝ արդյունքում հավաքելով 270,4 մլն դոլար ամերիկյան կինովարձույթում եւ 634,2 մլն դոլար ամբողջ աշխարհում:
2021 թվականի դեկտեմբերի 22-ին հայտարարված «Չարը» մյուզիքլը դեռ մնում է առանց պրեմիերայի ամսաթվի: Սկզբում Բրոդվեյի շատ հաջող մյուզիքլի կինոտարբերակը պետք է թողարկվեր դեռ 2019 թվականի դեկտեմբերին: Սակայն 2018 թվականի օգոստոսին առաջնային կարգավիճակ են ստացել «Կատուները», որոնք ճակատագրի հեգնանքով լիակատար ֆիասկո ապրեցին: