Հայկական կինոն իր բոլոր երանգներով ներկայացրել է Առաջին ալիքը «Առաջին ռեպորտաժ» հաղորդաշարում: Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիայի հափշտակությունից մինչև կատակերգական և սերիալային առօրյա:
Ինչպես նշում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը. «Նախագծի հետագա իրականացման ընթացքում կերևա «Հայֆիլմի» տարածքը ամբողջովին կօգտագործվի Ակադեմիական քաղաքի ծրագրի մեջ, մի մասը կօգտագործվի, թե կարող է և ոչ մի մաս չօգտագործենք: Դրանից հետագայում կերևա, թե ինչ վերաբերմունք ցուցաբերենք այդ բաժնետիրական ընկերության հետագայի նկատմամբ»:
«Հիմա պետք է սրան նայենք ոչ թե որպես կինոստուդիա առհասարակ, այլ պետք է նայենք սրան որպես տնտեսություն», – պնդում է «Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ ընկերության նորանշանակ տնօրեն Գառնիկ Վարդանյանը:
«ԿինոՊրես»-ը նոյեմբերին գրել էր, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը հանրային քննարկման էր հանվել «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ առաջարկվում էր ՓԲԸ-ն մասնավորեցնել/լուծարել: Այդ կապակցությամբ «ԿինոՊրեսը» ենթադրել էր, որ Կառավարությունը ցանկանում է լուծարել կինոստուդիան, որը ընդգրկված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մեջ, որպես պահեստային տարածք (միևնույն ժամանակ դուրս չի բերվել մասնավորեցման ցանկից):
2015 թվականի օգոստոսի 31-ին «Հայֆիլմի» գույքը վերադարձվեց պետությանը, սակայն մոտ 10 տարի ՀՀ Կառավարության կողմից, ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի, չիրականացվեց ոչ մի տնտեսական նախագիծ, որը կնպաստեր կինոստուդիայի և ոլորտի զարգացմանը: Փոխարենը, ինչպես նշում է Վարդանյանը, տարածքներ էին հանձնվում: Միակ ոլորտին նպաստող դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին, երբ կինոստուդիայի տարածքը տրամադրվեց «Կինոկետ Փրոդաքչնս» ՍՊԸ-ին, այն էլ ավարտվեց դատական գործով, որի արդյունքում Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիան ստիպված էր վճարել 4.131.357 ՀՀ դրամ ՍՊԸ-ին: Վերջերս կինոստուդիայի «բեմում» իրականացվել էին ռուս ռեփեր Ջիգանի, ռեյվ համերգներ, իսկ այս շաբաթ կայանալու է Կարեն Թամրազյանի (նույն ինքը VNAS) համերգը: Միաժամանակ կինոստուդիան ունի գոյացած պարտք և «հսկայական միջոցների» անհրաժեշտություն: Թեև այդ անհրաժեշտությունը անիրագործելի է կինոստուդիայի համար, այն իրագործելի է ավելի ծավալուն Ակադեմիական քաղաք կոչվելու դեպքում: Սա առանց չափազանցության Պետական գույքի կառավարման կատարված աշխատանքն է: